Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Թումո կենտրոնը իր դռներն է բացում Վայոց ձորի մարզում
20.12.2021
Դեկտեմբերի 20-ին «Թումո» կենտրոնը, որն իր գործունեության տասը տարիների ընթացքում դարձել է բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների համար իրենց կրթությունը և գիտելիքները ամրապնդելու կարևորագույն հիմնաքար, այսօր իր հյուրընկալ դռներն է բացում նաև Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, «Թումո Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անուշ Աբգարյանը։
Թումո տուփում սովորելու համար արդեն իսկ գրանցվել են 175 պատանիներ Վայքից և հարակից համայնքներից: Ուսանողները ինչպես ինքնուսուցումը, այնպես էլ դասընթացները անցնելու են տեղում` առցանց միանալով նաև Երևանի, Դիլիջանի կամ Գյումրիի Թումո կենտրոնների դասընթացներին:
Սա կարևոր քայլ է, որն անկասկած կրելու է շարունակական բնույթ և հանգեցնելու է նոր ձեռքբերումների մարզի կրթության ոլորտում՝ մեր մարզն ապահովելով ստեղծարար և մրցունակ երիտասարդներով։
Վայոց ձորի սիրելի՛ պատանիներ,
Տեխնոլոգիաների և գիտության մեր դարաշրջանում կրթությունն է մեր ապագան կողմորոշող այն շարժիչ ուժը, որն ուղեկցելու է մեզ ողջ կյանքի ընթացքում: Գիտելիքն է տեղեկատվական դարաշրջանի արժույթը, ամենաարժեքավոր հմտությունը, որը կարող ենք վաճառել։
Ուստի մաղթում ենք, որ լավագույնս օգտագործեք այս հնարավորությունը, և արդեն այսօր ձեր կարևոր ներդրումը կատարեք ձեր ապագայի համար։
Նշենք, որ «Թումո Հայաստան» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա 5 տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոններ, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփեր, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու ողջ երկրով մեկ: