Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զառիթափ համայնքում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթող
04.11.2021
Նոյեմբերի 4-ին Վայոց ձոր մարզի Զառիթափ համայնքում տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դեմ անձնվիրաբար պայքար մղած Զառիթափ համայնքի 15 հայորդիների:
Հուշակոթողն օծվեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի ձեռամբ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանը, Զառիթափ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուրադ Ստեփանյանը:
Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյաննը նշեց․
<Հարգելի՛ ներկաներ
Այսօր հիշատակի օր է, որի ետևում ընկած է տարիների պատմություն, բազում երազանքներ և նպատակներ։ Նպատակներ, որոնք մի կողմ դրվեցին, երբ հայրենիքին վտանգ էր սպառնում և նրա պաշտպանությունը մեր զինվորների կողմից դասվեց ամեն ինչից առավել։
Միասնականության դրսևորում է նաև այս հուշակոթողի տեղադրումը, որի նախաձեռնությամբ ողջ Զառիթափ համայնքը, մենք բոլորս, ապացուցում ենք, որ երբեք չենք մոռանում մեր հերոսներին>։
Զառիթափ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուրադ Ստեփանյանը համայնքի անունից շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին՝ իր խոնարհումը հայտնեց նաև իրենց որդիներին խիզախության և հայրենասիրության անսպառ ոգով դաստիարակած հերոս մայրերին, ում անձնուրաց նվիրումի շնորհիվ է, որ այդքան ամուր է կապը հայրենիքի և նրա հուսալի պաշտպանի՝ հայ զինվորի միջև:
Ի հիշատակ մեր հերոսների սխրագործությունների իրենց սրտի խոսքը հղեցին զինվորների հարազատներ, համագյուղացիներ: Այնուհետև ներկաները ծաղիկներ խոնարհեցին 44 օրյա պատերազմում նահատակված մերօրյա հերոսների շիրիմների առջև։
Նշենք, որ հուշակոթողը կառուցվել է Զառիթափ համայնքի բնակիչներ Վալեր և Վարուժ Ներսիսյանների նախաձեռնությամբ։