Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ
04.11.2021
Վայոց ձորի մարզի սոցիալական ոլորտի հարգելի՛ աշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում էլ կարևոր է եղել սոցիալական աշխատողի դերը, որովհետև Դուք գործ ունեք հասարակության առավել զգայուն խավերի հետ: Բայց այսօր, կորոնավիրուսային հիվանդության և 44-օրյա պատերազմի հետևանքով մեր երկրում ստեղծված դժվարին իրավիճակում, առավել ևս կարևոր է հաշմանդամների ու ծերերի նկատմամբ ցուցաբերվող Ձեր հոգատար վերաբերմունքը, հատուկ կարիքներ ունեցող անձանց կողքին լինելու ու նրանց ապրումները կիսելու ձեր կարողությունները:
Ձեր գործունեությամբ Դուք նպաստում եք մեր կյանքում առկա սոցիալական լարվածության նվազեցմանը՝ ցուցաբերած հոգատարությամբ, մարդկանց ցավերին ապրումակցելու և հոգսերը փարատելու ձեր կարողությամբ նեցուկ դառնալով հասարակության խոցելի խմբերին: Ձեր կողմից իրականացվող ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի բարելավել մեր մարզում, մեր կողքին ապրող հազարավոր կարիքավոր մարդկանց կյանքի որակը: Համոզված եմ, որ ուշադիր ու հոգատար վերաբերմունքով, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով այսուհետ ևս կշարունակեք իրականացնել սոցիալական աշխատողի Ձեր առաքելությունը:
Հարգելինե՛րս, մասնագիտական տոնի առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Ձեր դժվարին, բայց պատվաբեր առաքելությունը բարձր պատասխանատվությամբ իրականացնելու և մեր հայրենակիցների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված գործընթացում մեծ ջանքեր ներդնելու համար։
Կրկին շնորհավորում եմ Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն, աշխատանքային հաջողություններ և մասնագիտական նոր ձեռբերումներ: