Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն այցելել է Արատեսի դպրական կենտրոն

01.11.2021

  Ս/թ հոկտեմբերի 30-ին <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի տնօրինության հրավերով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն այցելել էին Վայոց ձորի մարզի Արատես գյուղում գտնվող կրթահամալիրի ճամբարային դպրական կենտրոն:

  Գեղեցիկ ու տրամադրող միջավայրում՝ խարույկի շուրջ նախարարի, փոխմարզպետի, կրթահամալիրի սաների, ուսուցչական կազմի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի, <Հայանտառ> ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների, Բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրենի և անտառագետ մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցավ բնապահպանական և շրջակա միջավայրի ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում։

  Նախարար Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրեց դրանց լուծմանն ուղղված պետական քաղաքականությունը, կյանքի կոչված բարեփոխումները և իր խոսքում նշեց՝
  <Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանին և կրթահամալիրի ուսուցչուհի, նախագծային խմբի ղեկավար Մարտա Ասատրյանին:
  Տպավորված եմ իրականացված աշխատանքի որակով և ծավալով:
  Ավելի կանաչ ու գիտելիքահեն կառավարման ներքո կայուն զարգացող շրջակա միջավայր ունենալու մեր տեսլականին հասնելու և առկա բազմաշերտ խնդիրների լուծման գործընթացն ավելի որակյալ կազմակերպելու նպատակով շատ կարևոր է հանրապետությունում էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը։
  Այս համատեքստում չափազանց կարևոր են բնագիտական ուղղվածության միջոցառումներն ու ճամբարները, որոնք կազմակերպում է կրթահամալիրը>:

  Հարցուպատասխանի ձևաչափով հետաքրքիր քննարկում եղավ և նախանշվեց կրթահամալիրի հետ հետագա համագործակցության ուղիները:

  Երևանի <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ ներկաները շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացան կատարված աշխատանքներին և դպրոցի կողմից առաջարկվող ծրագրերին ու հնարավորություններին:

  Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և իր խոսքում հավաստեց մարզային իշխանության աջակցությունը Արատեսի դպրական կենտրոնի աշխատանքներին։ Փոխմարզպետը Կրթահամալիրի սաների հետ ունեցավ առանձին զրույցներ, հետաքրքրվեց նրանց առօրյայով և նախասիրություններով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37