Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում
27.10.2021
Հոկտեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում <Դոմ Մոսկվի> մշակութագործարարական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100 ամյակին:
Առնո Բաբաջանյանի էստրադային ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները (գեղարվեստական ղեկավար՝ Լևոն Ջավադյան):
Միջոցառումը մեկնարկեց բազմաթիվ միջազգային մրցույթների Գրան-Պրի դափնեկիր Արթուր Կարապետյանը՝ Ա. Բաբաջաբյանի <Ճակատագիր> ստեղծագործությամբ:
Համերգի ընթացքում հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց լսել Մաեստրոյի բազմաթիվ ծանոթ և սիրելի երգեր, ինչպես նաև ծանոթանալ նրա կյանքից վերցված հետաքրքիր և գեղեցիկ դրվագներին:
Համերգի ավարտին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Երևանում <Դոմ Մոսկվի> մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը հանդես եկան հյուրերին ուղղված խոսքով՝ ընդգծելով համատեղ ջանքերի շնորհիվ կողմերի միջև հաստատված ամուր համագործակցության կարևորությունը և դրա շնորհիվ արձանագրված հաջողությունները, որի ականատեսը այս գեղեցիկ համերգի միջոցով եղան նաև Վայոց ձորի մարզի բնակիչները: