Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն

27.10.2021

  Հոկտեմբերի 26-ին Վայոց ձորի Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողություն: Կենտրոնը բացվել է Երևանում <Դոմ Մոսկվի> մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ և բարերար Արամ Աբրահամյանի աջակցությամբ:

  Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Երևանում <Դոմ Մոսկվի> մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանը, ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

  Բացման արարողության հյուրերին կենտրոնի ապագա սաները դիմավորեցին ավանդական աղ ու հացով, պարային գեղեցիկ կատարումներով, երգով և ասմունքով:

  Մարզպետ Արարատ Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակից կողմերին, ում ջանքերի շնորհիվ այս գեղեցիկ նախաձեռնությունը հնարավոր դարձավ կյանքի կոչել, նշեց, որ <Դոմ Մոսկվի> կենտրոնի հետ համագործացկության հաստատման պահից ի վեր ականատես ենք շոշափելի արդյունքների, որոնք կողմերի համատեղ ուժերով ներդրմամբ կրելու են շարունակական բնույթ.

< Տեխնոլոգիաների և գիտության մեր դարաշրջանում գիտելիքն է այն շարժիչ ուժը, որը կանխորոշում է մեր ապագան և ուղղորդում ողջ կյանքի ընթացքում։ Ռուսաց լեզվի կենտրոնը ոչ միայն հնարավորություն կընձեռի մեր երիտասարդներին բարելավելու ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և մշակույթի մասին իրենց գիտելիքները, այլև կարևոր հիմք կհանդիսանա կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման և ամրապնդման գործում>:

  <Դոմ Մոսկվի> կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում, ընդգծեց նման նախագծերի կարևորությունը ինչպես հայ-ռուսական մշակութային, կրթական և հումանիտար կապերի ամրապնդման և խորացման տեսանկյունից, այնպես էլ երեխաների կրթության գործում, քանի որ յուրաքանչյուր հզոր պետության հիմքում ընկած է կրթված երիտասարդությունը:

  ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի անունից դեսպանության խորհրդական Դմիտրի Կազմինը շնորհավորեց բոլոր ներկաներին ընդհանուր կարևոր իրադարձության՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար համագործակցության զարգացման ևս մեկ քայլի կապակցությամբ: Ներկաներին և երեխաներին շնորհավորեցին նաև Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բելառուսի Հանրապետության դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան:

  Միջոցառման ավարտին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի անունից կենտրոնի սաներին նվիրեցին գրքեր, որոնք հնարավորություն կտան ծանոթանալ քաղաքի պատմությանը և հարուստ մշակույթին:

  Նշենք, որ Վայոց ձորի մարզպետարանի և Երևանում <Դոմ Մոսկվի> մշակութագործարարական կենտրոնի միջև համագործակցության շրջանակներում արդեն իսկ իրականացվում են ռուսաց լեզվի անվճար դասընթացներ Եղեգնաձոր և Վայք քաղաքների երեխաների համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37