Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործընկեր Նիժեգորոդի մարզի պատվիրակության այցը Վայոց ձորի մարզ

11.10.2021

    Հոկտեմբերի 8 -ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Վայոց ձորի գործընկեր ՌԴ Նիժեգորոդ մարզի պատվիրակությանը՝ Նիժնի Նովգորոդի Քաղաքային Դումայի նախագահ Օլեգ Լավրիչևի գլխավորությամբ։

     Պատվիրակության կազմում էին նաև Նիժնի Նովգորոդում Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Սերգեյ Մալովը, Նիժեգորոդի Կառավարության արտաքին կապերի վարչության տնօրեն Օլգա Գուսևան, Արզամասի քաղաքապետ Ալեքսանդր Շչելոկովը և Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվո հյուպատոս, <Նիժնի Նովգորոդի հայկական համայնք> տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Ալեքյանը, Նիժնի Նովգորոդի Քաղաքային Դումայի աշխատակազմի ղեկավար Անտոն Կազակովը, <Տեխպլաստ> ՍՊԸ -ի գլխավոր տնօրեն, Արզամասի հայ համայնքի ներկայացուցիչ Ավագ Փաթեյանը:

     Ողջունելով հյուրերին, մարզպետ Արարատ Գրիգորյանը բարձր գնահատեց երկու մարզերի միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված հարաբերությունները, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում՝ ստեղծելով համագործակցության զարգացման նոր հեռանկարներ։

     Նիժնի Նովգորոդի Քաղաքային Դումայի նախագահ Օլեգ Լավրիչևը ընդգծելով տարիների ընթացքում երկու մարզերի միջև հարաբերություններում արձանագրված հաջողությունները, նշեց, որ այս տարի օգոստոսի սկզբին, Նիժնի Նովգորոդի Ավտոզավոդսկի շրջանում տեղի ունեցավ հայազգի մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի կիսանդրու բացման արարողությունը, որը Նիժնի Նովգորոդի 800-ամյակին ընդառաջ պատրաստել և քաղաքին էր նվիրել հայտնի քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, ՅՈւՆԵՍԿՕ-ի Նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ Միքայել Սողոյանը: <Շատ հաճելի է, որ Վայոց ձորի մարզի ներկայացուցիչները նույնպես մասնակցեցին քաղաքի 800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին>,-նշեց Օլեգ Լավրիչևը:

      Գործնական այցի շրջանակներում կողմերը քննարկեցին գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր։

     Նիժեգորոդի պատվիրակությունն այցելեց Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց, որը 2014 թ. երկու մարզերի միջև բարեկամության հաստատման շրջանակներում անվանակոչվեց ծնունդով Նիժեգորոդից ռուս հայտնի գրողի անունով: Ներկաները ծանոթացան դպրոցի գործունեությանը, ռուսաց լեզվի խորացված ուսուցման ծրագրին և դպրոցի աշակերտներին և դասախոսական կազմին նվիրեցին ռուսական գեղարվեստական գրականության և ռուսաց լեզվի դասագրքեր։

     Այցի շրջանակներում Մալիշկա գյուղում գտնվող Մ. Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցի գրադարանը նույնպես կհամալրվի ռուս դասականների մի քանի տասնյակ աշխատանքներով:

     Պատվիրակության անդամները ճանաչողական այցի շրջանակներում այցելեցին նաև Ջերմուկ և Արենի համայնքի գեղատեսիլ վայրեր՝ ծանոթանալով Վայոց ձորի մարզի պատմամշակութային կոթողներին և հարուստ պատմությանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-17 15:54:15