Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետը Ջերմուկում մասնակցել է Արցախյան պատերազմներում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը
27.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ Արցախյան պատերազմներում նահատակված զինվորների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաաննիսյանը, Ջերմուկի զորամասի հրամանատարի տեղակալը, մարզային այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ և հյուրեր։
Խաչքարը տեղադրվել էր Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու բակում, գործարար Աշոտ Արսենյանի նախաձեռնությամբ։
Խաչքարի օծման արարողությունից հետո, մարզպետ Արարատ Գրիգորյանը հիշատակի և խոնարհման խոսք ուղղեց նահատակված հերոսների հիշատակին:
Մարզպետն իր խոսքում առանձնապես նշեց՝ <Հայ զինվորն ապացուցեց, որ անհնար է հաղթել մի ազգի, ով ուզում է ապրել, ով գիտի գնահատել խաղաղությունը, քանի որ երբեք չի մոռանում այն գինը, որը վճարել է այդ խաղաղության համար>:
Այնուհետև մարզպետ Արարատ Գրիգորյանն Արցախի և ՀՀ նախագահների անունից մեդալներ հանձնեց հերոսների ընտանիքներին։
Միջոցառումն ուղեկցվեց դպրոցականների մասնակցությամբ տեղի ունեցած հուշ-ցերեկույթով՝ նվիրված պատերազմի ընթացքում անմահացած բոլոր հայորդիներին։
Միջոցառման ավարտին հյուրերը ծաղիկներ խոնարհեցին խաչքարի մոտ։