Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Փա՛ռք մեր հերոսներին
27.09.2021
Արդեն մեկ տարի է անցել, ինչ հայ զինվորը ամբողջ աշխարհի և մեր սերունդների համար նորովին սահմանեց հայրենիքի հանդեպ սիրո, հերոսության և վճռականության արժեքները: Նա չբարձրաձայնեց իր խիզախության և քաջագործությունների մասին, այլ թույլ տվեց, որ իր գործերը խոսեն ամեն ինչից առավել:
Մեր զինվորների հերոսությունների և հայրենասիրության մասին բարձրաձայնում ենք մենք՝ մեր սերունդների դաստիարակությամբ, մեր ամենօրյա աշխատանքով և մեր գործերով:
Հայ զինվորն ապացուցեց, որ անհնար է հաղթել մի ազգի, ով ուզում է ապրել, ով գիտի գնահատել խաղաղությունը, քանի որ երբեք չի մոռանում այն գինը, որը վճարել է այդ խաղաղության համար:
Այսօր մեր հերթն է ապացուցել, որ շարունակում ենք այն գործը, որին նրանք հավատացել են՝ ապահովելով գալիք սերունդների արժանապատիվ ու խաղաղ ապագան: Մենք դա անում ենք ոչ թե պարզապես մեկ րոպե լռությամբ, այլ հզորացնելով մեր հայրենիքը և ամրապնդելով մեզ փոխանցած խաղաղությունը:
Այո՛, այսօր մարտի ահասարսուռ հնչյունները իրենց տեղը զիջել են լռությանը: Բայց մեր աշխատանքը երբեք չի ավարտվում: Մենք պարտավոր ենք լցնել այդ լռությունը մեր սիրով, երախտիքով և աջակցությամբ՝ մեր սրտերում վառ պահելով նրանց սխրանքը և, առաջին հերթին, նրանց պատմությունները:
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ: