Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

27.08.2021

  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցութունը, մասնակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների։

  Ողջունելով ներկաներին և շնորհավորելով նոր մեկնարկող ուսումնական տարվա առթիվ՝ մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը կարևորեց կրթական գործընթացում հակահամաճարակային կանոնների պահպանումն ու կրթության պրոցեսի անխափան կազմակերպումը։ Եվ իր խոսքում նշեց, որ ամեն բան պետք է արվի, որպեսզի կրթության գործընթացը չտուժի և ընթանա իր բնականոն հունով։

  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց դպրոցների տնօրեններին՝ նախորդ տարվա ընթացքում նախ համավարակով, ապա պատերազմով պայմանավորված ճգնաժամային պայմաններում կրթության անընդհատությունն ապահովելու համար: Փոխնախարարը խոսեց ԲՈւՀ-երի ընդունելության քննություններին Վայոց ձորից մասնակցած դիմորդների գոհացուցիչ արդյունքների մասին՝ 234 դիմորդներից ընդունվել են 167-ը, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում առաջին՝ անվճար հայտով, ընդունվող դիմորդները:

  Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ կարևորելով կրթության որակի ապահովման անհրաժեշտությունը, նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով, սակայն հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարության կողմից կրթություն արդիականացման նպատակով ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ դպրոցներում էլեկտրոնային գործիքների ներդրում, լաբորատորիաների ստեղծում, ուսուցչի օգնականի հաստիքի հատկացում:

  Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուսուցիչների կամավոր և պարտադիր վերապատրաստումներին, գնահատման նոր մոտեցումներին, դպրոցներում իրականացվող ծրագրերին և ներառական կրթության արդյունավետությանն առնչվող հարցեր։ Ներկայացվեց կրթական համակարգին վերաբերող իրավական ակտերի վերաբերյալ կարևոր տեղեկություններ:

  Դպրոցների տնօրենները բարձրացրին կրթության բնագավառին վերաբերող իրենց հուզող հարցերը, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։

  Հանդիպման ավարտին փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեցին միմյանց արդյունավետ համագործակցության համար և կրկին շնորհավորեցին տնօրեններին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթելով՝ խաղաղ ու արդյունավետ ուստարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05