Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկում համընդհանուր ներառական կրթության ներդրմանը վերաբերող հարցերի շուրջ
29.07.2021
Հուլիսի 29-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ տեղակալ Դավիթ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզում համընդհանուր ներառական կրթության ներդրման գործընթացին վերաբերող հարցերի քննարկում:
Համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին վերաբերող հարցերը ներկայացրին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսյա Սվաճյանը:
Քննարկամանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, կրթության, մշակույթի և սպորտի, առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պատասխանատուները և համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) գործառույթներն իրականացոնող Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Անահիտ Մուրադյանը և Արաքսյա Սվաճյանը մանրամասն ներկայացրին համակարգի ներդրման նպատակով կատարվելիք նախապատրաստական աշխատանքները և իրականացման նպատակով ձեռնարկվելիք բոլոր քայլրերը՝
• ՏՄԱԿ-ի մասնագիտական խմբի ձևավորում,
• Հանդիպում մարզի դպրոցների ղեկավարների հետ,
• Դպրոցներում ուսուցչի օգնականի հաստիքի ստեղծում ,
• Վերապատրաստման նպատակով ուսուցիչների տվյալների հավաքագրում,
• Կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների վկայագրում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N6 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացրել <Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը> , համաձայն որի՝ ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերում 2021թվականի սեպտեմբերի 1-ից ներդրվելու է համընդհանուր ներառական կրթության համակարգը: