Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգիս համայնքում իր դռները կբացի <ՅՈՒՆԻԿՈՒՍ> մանկական զարգացման կենտրոնը
14.07.2021
Հուլիսի 13-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքում <ՅՈՒՆԻԿՈՒՍ> մանկական զարգացման կենտրոնի բացմանն ընդառաջ տեղի ունեցավ իրականացված աշխատանքների և նախատեսվող քայլերի ներկայացում մարզի և համայնքի ներկայացուցիչների համար:
Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, համայնքի տեղական ինքնակառավարման համակարգի և կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր կազմակերպիչների ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզում և ծանոթացան իրականացված աշխատանքներին և կենտրոնի ընձեռած հնարավորություններին:
Մանկական զարգացման կենտրոնը նախաձեռնվել և հիմնադրվել է <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի կողմից, և, ինչպես նշեցին ծրագրի ներկայացուցիչները, այն մի մեծ երազանքի իրականացման սկիզբն է, և հետագայում Հասարակական կազմակերպությունը նախատեսում է այդպիսի կրթությամբ ապահովել նաև Վայոց ձորի մարզի բոլոր 8 խոշորացված համայնքների մանուկներին:
Կենտրոնը կգործի <Խելացի մանկապարտեզ> մեթոդաբանությամբ՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահանջների, միջազգային փորձի և չափանիշների, և իր դռները կբացի Եղեգիս համայնքի նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան 100-150 երեխաների, այդ թվում նաև վերաբնակեցված արցախցի մանուկների համար, ովքեր հնարավորություն կունենան սովորել օտար լեզուներ, ստանալ գեղարվեստա-գիտական դաստիարակություն, զբաղվել մարմնակրթությամբ, սենսորիկայով, ավազանկարչությամբ և մի շարք այլ ուղղություններով:
Նախակրթական որակյալ կրթության ապահովմամբ այն նպատակաուղղված է ժամանակակից սերնդի ներուժի բացահայտմանն ու հմտությունների զարգացմանը, որտեղ կիրառվելու են աշխարհի առաջադեմ երկրներում առկա մտավոր, իմացական, ճանաչողական, այդ տարիքի երեխաների կարողությունների առավելագույնս բացահայտելուն ուղղված մեթոդների կիրառումը:
Կենտրոնում աշխատելու են վերապատրաստված և որակավորված մասնագետներ՝ ապահովելով ուսուցման ժամանակակից պայմաններ կրթադաստիարակչական բոլոր ուղղություններով, ինչպես նաև կենտրոնի միջոցներով ապահովվելու է երեխաների անվտանգ և հարմարավետ տեղափոխությունը համայնքի բոլոր գյուղերից:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծեց զարգացման կենտրոնի կարևորությունը որակյալ կրթության ապահովման գործում, որը դառնալու է համայնքի երեխաների մասնագիտական կողմնորոշման և արժանապատիվ կյանքի հիմքը:
<Մարդը ձևավորվում է հասարակության մեջ, և եթե մենք կարող ենք նրա համար ապահովել հասարակության լիարժեք անդամ ձևավորվելու նախադրյալները, մենք կունենանք կրթված, ուժեղ և նպատակասլաց սերունդ: Ուստի անհրաժեշտ է հնարավոր բոլոր միջոցները ներդնել, որպեսզի կենտրոնը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի համար>:
Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց,- <Կենտրոնի ընձեռած հնարավորությունների շնորհիվ երեխան դեռ մանկուց խաղի միջոցով սկսում է սովորել կարևոր և ժամանակակից հմտություններ, և երբ այդ տարիքից սկսում է մեծանալ այդ սկզբունքով, իր ողջ կյանքը դառնում է խաղ, որի արդյունքից օգտվում է ամբողջ երկիրը: Եվ երբ մենք հասնենք մեր առջև ուղենշված նպատակին, մենք ստեղծելու ենք որակապես նոր սերունդ, որի հետ մրցելը դժվար կլինի բոլորի համար>:
Նշենք, որ այսպիսի աշխատանք՝ միջազգային փորձի կիրառմամբ, որը հաջողությամբ կիրառվել է Հվ. Կորեայում, Սինգապուրում, Ճապոնիայում, առաջինն է մեր տարածաշրջանում, և հնարավորություն կտա Եղեգիս համայնքին քայլել 21-րդ դարի կրթական պահանջներին համահունչ: