Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բռնցքամարտի հուշամրցաշար` ի հիշատակ Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի և 44-օրյա պատերազմի նահատակների
12.07.2021
Հուլիսի 10-ին բռնցքամարտի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղի նախաձեռնությամբ Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ Վարդան Վարդանյանի անվան բռնցքամարտի հուշամրցաշար, որին մասնակցում էին 176 մարզիկներ ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Սյունիքի մարզերից:
Հուշամրցաշարը կազմակերպվում է 2016թ-ից ի վեր՝ ի պատիվ Արցախում զոհված վայոցձորցի սպա Վարդան Վարդանյանի, և այս տարի նաև ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված մեր բոլոր հայորդիների: Հուշամրցաշարի միջոցով կազմակերպիչները և մասնակիցները իրենց հարգանքն են հավաստում նրանց քաջագործությունների, հայրենասիրության և անկոտրում ոգու նկատմամբ, իսկ երիտասարդ մարզիկները իրենց պատրաստակամությամբ լավագույնս վերահաստատում են, որ հանդիսանում են իրենց քաջ եղբայրների և հայրերի արժանի հետնորդներ:
Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով և Տերունական աղոթքով: Ողջույնի խոսքով հանդես եկան Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Զարեհ Վարդապետ Կաբաղյանը և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացայի Վայոց ձորի մասնաճյուղի փոխնախագահ Կարեն Մարտիրոսյանը:
Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշեց, որ հուշամրցաշարի հիմքում ընկած է մեր երախտագիտությունը՝ ուղղված Վարդան Վարդանյանին և բոլոր հայորդիներին, ովքեր անձնվիրաբար պայքարեցին հանուն խաղաղության, ապագայի և սեփական հայրենիքում անկախ ապրելու իրավունքի, և որն ունի մեկ կարևորագուն նպատակ՝ երիտասարդների մեջ սերմանել հայրենասիրության զգացում, հպարտություն հայ ազգի և հայրենիքի նկատմամբ:
<Հուսով եմ այս մրացաշարից յուրաքանչյուրդ իր հետ կտանի նշանակալի ձեռքբերում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում գիտակցել սեփական թույլ կողմերը, աշխատանք տանել այդ թերությունները շտկելու ուղղությամբ, ձեռք բերել փորձ և այսպիսով դուրս գալ մրցաշարից հաղթանակած>:
Միջոցառման կազմակերպիչները հուշանվերներ հանձնեցին հանուն հայրենիքի մղված պայքարում զոհված հերոսների ընտանիքներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց անձնվեր ծառայության և հայրենիքի հանդեպ անսահման նվիրումի համար, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին զինվորների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: