Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինտենսիվ այգու բացում Ազատեկի միջնակարգ դպրոցում

30.06.2021

     Այսօր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ <Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրի> շրջանակներում Վայոց ձոր մարզի Ազատեկի միջնակարգ դպրոցի տարածքում տեղի ունեցավ պտղատու ինտենսիվ այգու բացման արարողությունը:

     Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, <Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման> ՀԿ-ի տնօրենը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

    Ծրագրի միջոցներով դպրոցին տրամադրվել են իտալական 300 բարձրորակ և կլիմայական պայմաններին համապատասխանեցված խնձորի, սալորի և կեռասի ինտենսիվ տնկիներ, այգու մշակման համար գյուղտեխնիկա, կառուցվել է կարկտապաշտպան ցանց, անցկացվել կաթիլային ոռոգման համակարգ: Հողի նախապատրաստության աշխատանքներին աջակցել է Վայքի համայնքապետարանը:

     Գյուղատնտեսական ծրագրի նպատակն է աշակերտներին դեռևս դպրոցական տարիքից սովորեցնել հողի հետ ճիշտ աշխատել, բերք ստանալ ու ստացածն իրացնել, ինչպես նաև զինել ժամանակակից գյուղատնտեսության վերաբերյալ գործնական գիտելիքներով:
   
     Մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ընդգծելով նման ծրագրերի կարևորությունն ու շարունակական բնույթը, իր խոսքում նշեց.

<Հաշվի առնելով գյուղատնտեսության կենսական նշանակությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում, բարձր ենք գնահատում ծրագրի կարևորությունը, որը միտված է ոչ միայն գյուղատնտեսության ոլորտի մեթոդների արդյունավետության բարձրացմանը, այլև կապահովի աշակերտների ներգրավվածությունը՝ նրանց տալով նոր գիտելիքներ և ապահովելով էկոլոգիապես մաքուր սնունդով>:

     Ծրագրին աջակցած <Աշխատանք և հայրենիք տարածքային զարգացման> ՀԿ-ի տնօրեն Ռուզան Ղազարյանը իր խոսքում նշեց, որ բացի դպրոցականներին էկոլոգիապես մաքուր սնունդ հատկացնելուց, գյուղատնտեսական նորամուծություններին հաղորդակից դարձնելուց այս նախաձեռնությունը կարևոր է նաև նրանով, որ ստացված գյուղմթերքի հասույթից դպրոցը կկարողանա անգամ որոշակի ֆինանսական եկամուտ ունենալ սեփական կարիքների համար։

  Ներկաները մասնակցեցին դպրոցում կազմակերպված համերգային ծրագրին, շրջեցին այգում՝ ավելի մանրամասն ծանոթանալով ծրագրի շրջանակներում հիմնված ինտենսիվ այգուն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-19 16:52:42