Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Առնո Բաբաջանյան-100> խորագրով ցերեկույթ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում
03.06.2021
Հունիսի 2-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի համերգային դահլիճում կայացավ <Առնո Բաբաջանյան-100> խորագրով համերգ-ցերեկույթ, նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-րդ տարեդարձին։ Դահլիճում տիրում էր բաբաջանյանական մթնոլորտ, թևածում էր բաբաջանյանական հոգին:
Ցերեկույթին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի քաղաքապետարանի, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ ու ծնողներ:
Միջոցառման ընթացքում դպրոցի սաները տեղեկություններ ներկայացրին Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մասին, որը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Տեղեկություններ ներկայացվեց նաև նրա ստեղծագործությունների ոճերի վերաբերյալ, նշելով, որ Առնո Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։
Դպրոցի սաների, ուսուցիչների և երգչախմբի կատարմամբ հնչեցին Մեծն Առնո Բաբաջանյանի գործիքային և երգային ստեղծագործություններն ու գուսանական երգերի մշակումները:
Ցերեկույթի ավարտին համերգային ծրագրի մասնակիցներին և կազմակերպիչներին ուղղված շնորհակալանքի խոսք ասացին դպրոցի տնօրեն Մարո Սիմոնյանը և Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Հանդիսատեսները, որ կատարումների ընթացքում պարբերաբար ձայնակցում էին, դեռ երկար կհիշեն բաբաջանյանական հայեցի երգն ու երաժշտությունը՝ ինչպես մեծ կոպոզիտորն ինքն էր բնութագրում իր ստեղծագործությունները՝ <Ինչ էլ գրում եմ, հայեցի է դուրս գալիս>:
Նշենք, որ ողջ տարվա ընթացքում մարզում շարունակվելու են Առնո Բաբաջանյանի ծննդյան հոբելյանական տարեդարձին նվիրված միջոցառումները: