Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երեխաների պաշտպանության միջազգային օրը Եղեգնաձոր քաղաքում
01.06.2021
Հունիսի 1-ին ողջ աշխարհը տոնում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այն ամբողջ աշխարհում նշվող ամենահին տոներից մեկն է, որը խոսում է երջանիկ և անհոգ մանկության կարևորության ընդհանուր ըմբռնման մասին: Տոնը ստեղծվել է, որպեսզի համաշխարհային հանրությանը հիշեցնի երեխաներին պատերազմներից պաշտպանելու, նրանց իրավունքները հարգելու և նրանց առողջության ու անհոգ մանկության ապահովման անհրաժեշտությունը:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ հունիսի 1-ին միջոցառում է անցկացվել Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում:
<Մոլորակ> ամառային ճամբարի սաների կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը:
Երեխաներն իրենց ուրախ կատարումներով, երգ ու պարով և կրթության հանդեպ սիրով ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ի դեմս իրենց մենք ունենք խելացի և հզոր սերունդ:
<Մոլորակ> ճամբարը գործում է 2020թ.-ից և նախատեսված է նախադպրոցական ու դպրոցական տարիքի երեխաների համար: Ճամբարը կազմակերպվել է ֆլորա Մարգարյանի նախաձեռնությամբ, որը միավորել է Եղեգնաձոր քաղաքի երեխաներին՝ իրենց ժամանցը հաճելի և ուրախ մթնոլորտում անցկացնելու համար:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց երեխաներին ամենալուսավոր և պայծառ տոնի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և իր կողմից փոքրիկ անակնկալներ մատուցեց երեխաներին՝ նրանց մաղթելով ողջ մանկության ընթացքում լինել պարուրված բազում երջանիկ ակնթարթներով, անհոգ զվարճությամբ, անմնացորդ սիրով և ընտանեկան ջերմությամբ:
<Թող ձեր մանկության ամեն օր լեցուն լինի պայծառ հույզերով և ուրախ ժպիտներով, և ձեր առջև բաց լինեն դեպի երջանկություն և երազանքներ տանող բոլոր ճանապարհները:
Յուրաքանչյուր երեխա արժանի է կրթություն ստանալ, զարգանալ և իր նպատակներն իրագործել խաղաղ և անվտանգ միջավայրում: Ուստի մեր աշխատանքն ավարտված չէ, քանի դեռ մեր երեխաներին չենք փոխանցել խաղաղ, հզոր և անպարտելի Հայաստան:
Մաղթում եմ ձեզ առողջ և երջանիկ մանկություն, և թող անհոգ ժպիտը մշտապես շողա ձեր պայծառ դեմքերին>,- իր խոսքում նշել է մարզպետ Արարատ Գրիգորյանը: