Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի առաջին Հանրապետության օրվա առթիվ
28.05.2021
Սիրելի' հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հանրապետության տոնը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 103-րդ տարեդարձը:
1918թ. Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հաղթական հերոսամարտերը բեկումնային դարձան հայոց հաղթական պատմության կերտման ճանապարհին: Մայիսյան հերոսամարտերը փրկեցին հայոց երկիրը կործանումից, իսկ հայ ժողովրդին հաղորդեցին հույս և վստահություն՝ սեփական ուժերի և ապագայի նկատմամբ։ Այս պատերազմներում հայ ժողովրդը պայքարում էր հայրենիքի, հայ մնալու և ազգային ինքնության պահպանման համար, ուստի թշնամին ի զորու չեղավ հաղթանակ տանել և ստիպված ճանաչեց Հայաստանի անկախությունը:
1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության վերականգնման օր: Հայ ժողովրդի միասնականության և անկոտրում ոգու շնորհիվ իրականություն դարձավ անկախ և ինքնիշխան պետականություն ունենալու հայոց դարավոր իղձը:
Չնայած Առաջին Հանրապետության գոյատևման կարճ ժամանակահատվածին, այն կարողացավ լուրջ նախադրյալներ ստեղծել երկրի զարգացման համար, իսկ հայ ժողովրդին հաղորդեց հույս և վստահություն՝ ապագայի և սեփական ուժերի նկատմամբ:
Այդ վստահության և միասնականության շնորհիվ էր, որ հիմք ձևավորվեց մեր նոր պետականության՝ Հայաստանի Հանրապետության ստեղծման և ամրապնդման համար։
Հայաստանը եղել է և միշտ կլինի հայ ժողովրդի երազանքների և նպատակների համախմբման կենտրոն և յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն հանգրվանը: Մենք պետք է մեր աշխատանքով, միասնությամբ և հայրենասիրությամբ պաշտպանենք և ամրապնդենք այսքան դժվարությամբ ձեռք բերված, բայց այսքան սիրելի մեր հայրենիքը, որի համար անմնացորդ նվիրումով պայքարեցին մեր քաջ եղբայրները, Արցախյան հերոսամարտերի ընթացքում:
Մեր պարտականությունն է անցյալի և ապագայի նկատմամբ՝ քաջ գիտակցել, որ հայրենիքը առավել քան երբևէ ունի մեր համախմբվածության կարիքը, որի շնորհիվ, մեր անմնացորդ հայրենասիրությամբ և աշխատանքով մենք դեռ պետք է կերտենք մեր պատմությունը միայն հաղթական էջերով:
Հարգելի՛ վայոցձորցիներ
Շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, ամուր պետականություն և անկոտրում հավատ մեր հայրենիքի և նրա ապագայի նկատմամբ: