Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարդանանց պատերազմի 1570 և Սարդարապատի ճակատամարտի 103 ամյակին նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզում

26.05.2021

  Մայիսի 26-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Սուրբ Սարգիս) տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Վարդանանց պատերազմի 1570 և Սարդարապատի ճակատամարտի 103 ամյակին:

  Այստեղ էր, երբ հեռավոր 5-րդ դարում, Մարզպանական Հայաստանի առաջին ապստամբության ընթացքում, պարտություններ կրելով և նահանջելով հայ զորքերը ամրացան և կարողացան պարտության մատնել պարսիկներին: Այս տարածքը հայոց պատմության հաղթական վայրերից մեկն է:

  Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սուրբ Վարդանանց նահատակներին նվիրված խաչքարին, այնուհետև եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ:

  Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ շնորհավորելով ներկաներին հաղթական օրվա առթիվ: Նա նշեց, որ նման միջոցառումները և մեր պատմության հիշատակումը մեծ խորհուրդ են պարունակում. նրանք համախմբում են և մեզ ևս մեկ անգամ հուշում են մեր սրտերում վառ պահել հայոց պատմության հաղթական էջերը, որոնց շուրջ համախմբվելով միայն կարող ենք կերտել նոր հաղթանակներ:

  Իր ելույթի խոսքում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի դարավոր պատմությունը լի է մեր նախնիների հերոսության անսպառ օրինակներով, ովքեր պայքարել են ոչ թե հանուն աշխարհի հարստությունների, այլ սեփական երկրում անկախ ապրելու իրավունքի:

  <Ի թիվս գոյատևման համար մղվող անվերջանալի պայքարների, հայոց պատմության մեջ իրենց անջնջելի հետքն են թողել Վարդանանց պատերազմը և Սարդարապատի ճակատամարտը, որտեղ մեր ժողովուրդը պայքարում էր հայրենիքի, հայ մնալու և ազգային ինքնությունը պահպանելու համար:

  Հանուն այդ արժեքների պայքարեցին նաև մեր եղբայրները Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում: Կռվում էին քաջ գիտակցելով՝ ում հետ և ինչի համար, ուստի այս պատերազմում չկար չգիտակցված մահ, և դարձյալ Վարդանանց կարգախոսի ներքո անմահացան մեր հայորդիները:

  Եվ այսօր, գտնվելով երկրի պատմության կարևորագույն ժամանակաշրջաններից մեկում, պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. Հայաստանի և հայ ժողովրդի հաղթանակը եղել է և միշտ կլինի նրա համախմբվածությունը: Մեր պարտականությունն է անցյալի և ապագայի առջև՝ ամեն ինչ անել, որպեսզի կանխվի սարսափելի ողբերգությունների կրկնությունը, և կերտել մեր պատմությունը միայն հաղթական էջերով>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:12:05