Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Կյանքդ՝ կյանքիս համար> խորագրով միջոցառում Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում
14.05.2021
Այսօր Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում կայացավ <Կյանքդ՝ կյանքիս համար> խորագրով միջոցառում՝ նվիրված դպրոցի՝ հանուն հայրենիքի անմահացած և անհայտ կորած շրջանավարտներին:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, անմահացած հերոսների ծնողներն ու հարազատները:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը, որից հետո միջոցառման մեկնարկը ազդարարվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Աշակերտները ոգեկոչեցին մերօրյա հերոսների անմահ հիշատակը և ներկայացրին դպրոցի շրջանավարտներ՝ Սամվել Մուրադյանի, Էրիկ Սայադյանի, Կարապետ Զաքարյանի, Զաքարիա Զաքարյանի, Արթուր Զաքարյանի կյանքի անցած ուղին և հանուն հայրենիքի կատարած սխրագործությունները:
Միջոցառման ընթացքում հնչեցին խոնարհման խոսքեր նաև այն հայորդիների պատվին, ովքեր այսօր էլ սահմանին ամուր կանգնած են հանուն մեր հայրենիքի պաշտպանության:
Ողջունելով ներկաներին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին:
<Խոնարհվում եմ հերսների հարազատների առջև, անգնահատելի է իրենց կյանքը զոհաբերած մեր քաջ հայորդիների սխրանքը: Խոստանում եմ,որ մեր անմահացած եղբայրների պատիվը միշտ բարձր է լինելու, իրենց անունը միշտ մեր շուրթերին է լինելու, իսկ սխրանքը՝ մեր սրտերում: Խոնարհումս և շնորհակալությունս Ձեզ, որ մեզ պարգևել եք այդպիսի հերոսներ>,- նշեց Նանե Ասատրյանը դիմելով անմահացած հերոսների ծնողներին: