Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ

03.05.2021

 Մայիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալը, խորհրդականները, օգնականները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Խորհրդակցության սկզբում մարզպետն ընդգծեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանով պայմանավորված համապատասխան աշխատանքների աշխուժացման անհրաժեշտությունը՝ նշելով օրակարգի կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր:
Քննարկեց սերմնացուների և պարարտանյութերի ներկրման և բաշխման ընթացքը, որի վերաբերյալ մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Դիտարկվեցին նաև ոռոգման ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Մարզպետը հանձնարարեց մշտապես վերահսկել մարզի տարածքում գործող ջրագծերի խողովակների տեխնիկական պիտանելիության վիճակը:
Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց գույքագրել մարզի տարածքում կառուցված, բայց չգրանցված շինությունները և համապատասխան գործընթաց իրականացնել դրանք օրինականացնելու ուղղությամբ: Հանձնարարվեց գույքագրել մարզի տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող ողջ գույքը և փաթեթը ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե։
Ընդգծվեց նաև Ջերմուկի ֆոտովոլտային կայանի կառուցման ընթացքում ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տանելու և ուշադրության կենտրոնում պահելու կարևորությունը։
ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարվեց համայնքների ղեկավարների հետ քննարկել համայնքներում առկա խնդիրները, մասնավորապես՝ աղբահանությանը, ոռոգման սեզոնի ողջ ընթացքում ջրամատակարարմանը, ինչպես նաև համայնքապետարաններում աշխատանքային կարգապահության պահպանման հարցերը:
Առողջապահության և uոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, որ մարզից զոհված զինծառայողների՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված 109 գործից 94-ը ստացել է դրական եզրակացություն, մնացած 15 գործերից 10-ն ընթացքի մեջ է, մյուս 5-ը՝ նոր ներկայացված։ Վարչության պետը տեղեկացրեց, որ մարզում 18 զինծառայող համարվում է անհայտ կորած։ Անհայտ կորած զինծառայողներից 17-ի մասով տրվել է դրական եզրակացություն՝ ընտանիքներին ամսական 300․000 դրամ փոխհատուցում ստանալու համար։ Մեկ զինծառայողի գործի հետ կապված շարունակվում են աշխատանքները։
Կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետի կողմից զեկուցվեց, որ դպրոցների խորհուրդների ձևավորման հետ կապված աշխատանքներն ավարտվել են և համապատասխան ձևով ներկայացվել նախարարություն։

Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին։ Նա նշեց, որ Վայոց ձորի մարզից ներկայացվել և հաստատվել է թվով 41 սուբվենցիոն ծրագիր։
Իրենց կատարած աշխատանքների մասին տեղեկություն ներկայացրին նաև մարզպետարանի իրավաբանական բաժնի, քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի, զորահավաքային նախապատրաստության բաժնի և հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետերը:
Հանդիպման ընթացքում ընդգծվեց աշխատանքային հարցերի լուծման նպատակով ստորաբաժանումների միջև կանոնավոր քննարկումների կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03