Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Իրենց կյանքով՝ հանուն կյանքի> խորագրով միջոցառում Գետափի միջնակարգ դպրոցում
23.04.2021
Ապրիլի 23-ին Գետափի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ <Իրենց կյանքով՝ հանուն կյանքի> խորագրով միջոցառում` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորներին:
44-օրյա պատերազմը մեր սրտերում թողեց չսպիացող վերքեր, որոնք չեն բուժվում և ոչ մի խոսքով: Միայն մեր աշխատանքով և մեր նվիրումով կարող ենք ապացուցել, որ ամուր ենք կանգնած մեր հերոսների կողմից քաջաբար և այդքան թանկ գնով պաշտպանված հողում:
Հիրավի, պատերազմը չէ, որ հերոսներ է ծնում, հերոսները կան, ապրում են մեր կողքին առանց պատերազմի, և հերոսանում աննկատ, ինչպես և հերոսացան Գետափ բնակավայրի 6 քաջ հայորդիները: Իրենց ընկերներին հարգաքնի տուրք մատուցելու էին եկել նաև պատերազմից վերադարձած մեր քաջ զինվորները: Դպրոցի երեխաներն իրենց նվիրումով և վճռականությամբ ապացուցեցին, որ իրենց սրտում պահելով 2020թ. սեպտեմբերը՝ ձգտելու են հզոր և հաղթական ապագային:
Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը իր ելույթում նշեց, որ միայն մեր երեխաներին կրթելով և հայրենասիրության ոգով դաստիարակելով մենք իրապես կարող ենք երախտապարտ լինել մեր զինվորներին:
Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը նշեց, որ մեր պարտքն է վառ պահել մեր զինվորների հիշատակը, նրանց պատմությունը, և, շարունակելով նրանց գործը՝ ստեղծել հզոր Հայաստան:
Միջոցառման ավարտին բոլոր ներկաները իրենց խոնարհումը հայտնեցին մեր հերոսների ծնողներին՝ իրենց որդիներին հայրենասիրության անկոտրում ոգով դաստիարակելու համար:
Փա՛ռք մեր հերոսներին, փա՛ռք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ: