Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հետմահու պարգևատրումներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
23.04.2021
Ապրիլի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ կայացավ Վայոց ձորի մարզից 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին և կամավորականներին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախագահների կողմից հետմահու տրված պարգևների հանձնման արարողությունը:
Ներկա էին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավարը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետը, ՀՀ զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի ՎՁՄ քննչական վարչության պետը, ՀՀ ՎՁՄ Դատախազը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետը, ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարներ:
Միջոցառումը սկսվեց զոհված, անհայտ կորած հայորդիների հիշատակին հարգանքի տուրքով և Հայաստանի Հանրապետության օրհներգով:
Պատերազմում ընկած հերոս տղաների հիշատակի ոգեկոչման ուղերձով մարզպետը ողջունեց ներկաներին և պատրաստակամություն հայտնեց լինել զոհված հերոսների ընտանիքների կողքին, հաղորդակից լինել նրանց խնդիրներին:
<Պատերազմը խլել է մեր լավագույն տղաներին, որոնք այլևս հավերժինն են, բայց մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը, շենացնել մեր օջախներն ու հայրենիքը՝ ապահովելով գալիք սերնդի վառ ապագան>,- նշեց Արարատ Գրիգորյանը:
Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության, խիզախության և քաջության համար հետմահու պարգևները զոհված զինծառայողների ծնողներին հանձնեց մարզպետ Արարատ Գրիգորյանը:
ՀՀ և ԱՀ նախագահների կողմից հետմահու պարգևատրվել են.
Մովսիսյան Արման Արայի ՀՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Այվազյան Սարմեն Սամվելի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Մնացականյան Նորայր Բենիկի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Աբրահամյան Թաթուլ Գագիկի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Դանիելյան Մուշեղ Վարդանի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Մուրադյան Հովիկ Սմբատի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Գևորգյան Անդրանիկ Արմենի ՀՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Հովակիմյան Արմեն Ժիրայրի ՀՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Զաքարյան Մխիթար Վարդանի ՀՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Փադունց Սոս Մուշեղի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Սիմոնյան Գևորգ Վանուշի ՀՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Օհանյան Սևակ Վարդանի ՀՀ <Արիության> մեդալ,
Գրիգորյան Դավիթ Սևակի ՀՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Ասրյան Յուրա Արշակի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Կարապետյան Հմայակ Գրիշայի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ,
Ստեփանյան Հայկ Հրաչիկի ԱՀ <Մարտական ծառայության> մեդալ:
Պարգևատրումից հետո հայրենիքի պաշտպանության գործում մատուցած բացառիկ ծառայության համար դյուցազուն հերոս հայորդիներին նվիրված հիշատակի խոսքեր հնչեցրին նաև Եղեգնաձորի թիվ 1 դպրոցի սաներըը: Աշակերտների խոսքերը խոստումներ էին առ այն, որ իրենց եղբայրների թափված արյունը դեռ հաղթանակներ է պարգևելու և ունենալու ենք նոր ու լուսավառ մայիսներ:
ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Հակոբ Ավետյանը հրամանատարի անունից խորին շնորհակալություն հայտնեց ծնողներին, նման սերունդ կրթելու և դաստիարակելու համար, ովքեր իրենց ամենաթանկը նվիրեցին հանուն հայրենիքի ազատության:
<Ես տեսել եմ այն անկոտրում կամքը, հերոսություններն ու սխրագործությունները, որը ցուցաբերել է հայ զինվորը մարտի դաշտում: Մենք դեռ հաղթանակներ ունենալու ենք և ապագան մերն է լինելու: Ոչինչ և ոչ ոք չի մոռացվելու, կգա ժամանակ, որ մեր նպատակները կիրագործվեն և մենք դեռ բազում հաղթանակներ կտոնենք>,- իր խոսքում նշեց Հակոբ Ավետյանը՝ շեշտելով, որ վայոցձորյան անմահացած հերոսներից շատերի սխրանքներին անձամբ ականատես է եղել:
Միջոցառման ավարտին մարզպետը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և կազմակերպիչներին: Ներկաներին մաղթեց միասնություն, ուժ և բարօրություն:
Փառք ու պատիվ մեր բոլոր անմահացած հերոսներին: