Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<Թումո> կենտրոնի ծրագիրը հասանելի կդառնա Վայոց ձորի երիտասարդների համար
21.04.2021
Ապրիլի 21-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է <Թումո> ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին, ճարտարապետների թիմի ղեկավար Շահե Սիմոնյանին և <Թումո տուփերի> նախագծերի ճարտարապետ Լուսինե Ղուշչյանին:
Ողջունելով ներկաներին` Արարատ Գրիգորյանը ընդգծեց մարզի երիտասարդության կրթության զարգացման ոլորտում ծրագրի հասանելիության կարևորությունը, և նշեց, որ երկկողմ ջանքերի համադրման շնորհիվ հնարավոր կլինի կառուցողական կերպով աշխատել այդ ծրագրի շուտափույթ իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին <Թումո> ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը, որն ուղղված է մարզային քաղաքներում և գյուղերում կրթության զարգացմանը:
Ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում նախատեսվում է բացել <Թումո> կենտրոն մարզկենտրոն Եղեգնաձորում, ինչպես նաև <Թումո-տուփեր> Վայոց ձորի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար:
Քննարկումները մասնավորապես ուղղված էին Վայոց ձորում <Թումո> կենտրոնի և տուփերի տեղորոշմանը և կազմակերպչական աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպման ընթացում կողմերը երկուստեք վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել սերտորեն համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: