Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Հավերժի ճամփորդը> խորագրով միջոցառում Քարագլխի միջնակարգ դպրոցում

19.04.2021

  Այսօր Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր <Հավերժի ճամփորդը> խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված վայոցձորցի հերոսներին:

  Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Նահապետյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդականները, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, հարազատներ, մանկավարժներ և այլ հյուրեր։

  Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջարի հերոսների հիշատակը: Այնուհետև աշակերտները հանդես եկան երախտիքի և խոնարհումի խոսքերով, ներկայացրին անմահ հերոսների կենսագրությունը և իրենց խոսքերում նշեցին, որ անհնար է հաղթել մի ազգի, ով մահանալ չի ուզում: Մասնակիցների ելույթը ևս մեկ անգամ հուզեց ներկաներին ու հայրենասիրության շնչով ողողեց ամբողջ դահլիճը:

  Զոհված հերոսների հիշատակին իրենց սրտի խոսքն ուղղեցին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, համայնքապետ Արթուր Ստեփանյանը, Արփիար Ղազարյանը և դպրոցի տնօրեն Արման Հովհաննիսյանը:

  Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր գոհունակությունը հայտնեց միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին, և ևս մեկ անգամ շեշտեց, որ ի դեմս երիտասարդների, ունենք արժանի սերունդ, ով ապացուցեց, որ ավագ սերնդի արժանավոր հետնորդն է, նրա հայրենանվեր գործը պատվով շարունակողը, ով պատրաստ է ամեն պահի, թեկուզ կյանքի գնով, պաշտպանել հայրենի հողը:
<Մեր որդիները հերոսացան, որպեսզի մենք ապրենք: Արժանապատիվ ապրենք՝ արարելով, զարգացնելով և ամրապնդելով մեր հայրենիքն ու ապագան: Այո, այսօր հերոսները ֆիզիկապես մեզ հետ չեն, սակայն նրանք կապրեն այնքան, որքան կապրի հայ ազգը: Փառք ու պատիվ մեր հերոս ծնած մայրերին և նրանց զավակներին: Աստված պահապան հայ ազգին>,- նշեց Արարատ Գրիգորյանը:

  Դպրոցի տնօրենը շնորհակալություն հայտնեց միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին՝ իր խոսքում նշելով.
<Հարգելի հյուրեր, այսօր մենք ևս մեկ անգամ վերապրեցինք այն դաժան պահերը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում յուրաքանչյուրս էինք ապրում: Յուրքանչյուրս իր հոգու խորքում և ռազմիկ էր, և հայր, և մայր:

  Մեր ապագա սերունդը ոչ միայն խոսքերով ու բառերով է պատրաստ հաղթանակի կոչեր անելու, այլ պատրաստ է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի: Սիրելի երեխաներ, մաղթում եմ ձեզ ամուր կամք, քանզի դուք եք մեր ապագան, դուք եք կերտելու մեր հաղթանակը և այն եռամիությունը որ կոչվում է Հայաստան, Արցախ, Սփյուռք: Այս միությունով մենք նորից պիտի հաղթանակ տոնենք>:

  <Դժվարանում եմ խոսել մեր նահատակների մասին, բայց չխոսել ևս չեմ կարող: Խոնարհվում եմ բոլոր ծնողների առջև և ուզում եմ նշել, որ պատերազմը դեռ ավարտված չէ: Մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք>,- իր խոսքում նշել է Եղեգիսի համայնքապետ Արթուր Ստեփանյանը:

  Աշակերտները միջոցառման ավարտին ծաղիկներ հանձնեցին դահլիճում ներկա գտնվող զոհված հերոսների ծնողներին:

Հավերժ հիշատակ ու խոնարհում մեր զոհված տղաներին:
Փառք ու պատիվ նրանց ծնած ու սնած ծնողներին:
Խաղաղություն Հայ ազգին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 15:09:37