Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
44-օրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակին նվիրված միջոցառում ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ավագ դպրոցում
19.04.2021
Ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին, ովքեր իրենց ձեռքով կերտեցին և սերունդներին փոխանցեցին սխրագործության մի նոր պատմություն:
Միջոցառումն իր մեջ պարունակում էր կարևորագույն պատգամ՝ ուղղված մեր ժողովրդին և ամբողջ աշխարհին. <Անհնար է հաղթել մի ազգի, որի սերունդները չեն մոռանում իրենց հերոսներին>:
Դպրոցի սաները մաղթեցին, որպեսզի 2021 թվականը Հայաստանի Հանրապետության բանակի համար նշանավորվի որպես մարտական կարողությունների ամրապնդման նոր էջ, որի ամուր հենարանը և պաշտպանը հանդիսանալու են իրենք՝ քաջ գիտակցելով, որ ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ:
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, հարգանքի տուրք մատուցելով հերոսներին և նրանց ծնողներին, նշեց, որ մեր զինվորները մեզ և մեր երկրին նվիրել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, որպեսզի մեր երկիրը, որպեսզի մենք այսօր ապրենք: Ապրենք՝ գնահատելով և մեր գործունեությամբ արժևորելով այդ կյանքի ամեն վայրկյան:
Մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ ապահովելով գալիք սերունդների արժանապատիվ և խաղաղ ապագան՝ երբեք չմոռանալով, թե ինչ գնով է ձեռք բերվել այդ խաղաղությունը: Երբեք չմոռանալով մեր հերոսներին:
Մենք դա անում ենք ոչ թե պարզապես մեկ րոպե լռությամբ՝ այլ պահպանելով հայրենիքը և մեզ փոխանցած այս փխրուն խաղաղությունը: Պահպանելով այն գործը, որին նրանք հավատացել են և, առաջին հերթին, պահպանելով նրանց պատմությունները:
Դպրոցի շրջանավարտ, շարքային Հարութ Արտակի Հովհաննիսյանը, Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և խիզախության համար, Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվեց <Մարտական ծառայության> մեդալով, որը փոխանցվեց հերոս զինվորի մայրիկին:
Հայրենիքի հերոսները երբեք չեն դասվել այն մարդկանց շարքին, ովքեր բարձրաձայնում են իրենց հայրենասիրության մասին: Նրանք թույլ տվեցին, որ իրենց գործերը խոսեն ամեն ինչից առավել: Մեր զինվորների սխրանքները, քաջության և միասնության դրսևորումը այն է, ինչի նկատմամբ ի զորու չէ ո՛չ թշնամին, և ո՛չ էլ ժամանակը:
Հավերժ փառք ու խոնարհում անմահացած հերոսներին: