Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համապետական ծառատունկին ընդառաջ խորհրդակցություն Շրջակա միջավայրի նախարարությունում մարզպետների, մարզպետարանների ներկայացուցիչների և Երևանի փոխքաղաքապետերի մասնակցությամբ
19.04.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որի ժամանակ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։
Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։
Համապետական ծառատունկի ընթացքում նախատեսվում է 200.000 տնկի տրամադրել մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարծքներում տնկելու համար։
Համապետական ծառատունկին Վայոց ձորի մարզին կտրամադրվի 7000 տնկի:
Քննարկվել են նաև տնկված ծառերի հետագա խնամքին վերաբերող հարցեր։
Նախարարը խնդրել է գործընկերներին պատշաճ իրազեկել հանրությանը, հասարակական կազմակերպություններին ու նախաձեռնություններին՝ ծառատունկի անցկացման վայրերի և մասնակցելու եղանակների մասին՝ տրամադրելով համայնքային և անտառային տունկի համակարգողների կոնտակտները։
Հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, ովքեր Վայոց ձորի մարզում ցանկություն կհայտնեն մասնակցել համապետական ծառատունկին, կարող են դիմել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն /հեռ` (0281) 2 30 50, 098 86 51 57/