Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետն այցելել է Վայոց ձորի մարզ

18.04.2021

  Ապրիլի 17-ին Վայոց ձորի մարզ է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարեն Համբարձումյանը, Արմեն Խաչատրյանը, Արման Եղոյանը, Արփինե Դավոյանը և այլ պաշտոնատար անձինք։
  Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ բնակավայրեր: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել արցախյան պատերազմի հանգամանքներին և երկրում ստեղծված իրավիճակին, ծանոթացել տեղում կատարված աշխատանքներին և ներկայացրել է տնտեսության զարգացման հեռանկարները:
  Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների շիրիմներին ծաղիկներ խոնարհելով և հարգանքի տուրք մատուցելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված զինվորների անունները և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը:
  Անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին և տնտեսական զարգացման հեռանկարներին, վարչապետը նշել է, որ մեր առջև ուղենշված խնդիրների լուծման պատասխանը մեկն է՝ աշխատանք:
Նշվեց, որ Վայոց ձորի մարզի վարելահողերի մոտավորապես 74 տոկոսը չի մշակվում, որոնց մի մասը չի մշակվում ջրի սակավության պատճառով, ուստի քաղաքականություն է մշակվում այդ խնդրի կարգավորման համար։ Վարելահողերի մշակման խնդրի լուծումը շղթայաբար կհանգեցնի նաև տնտեսության մյուս ուղղությունների զարգացմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը։
Այս համատեքստում ներկայացվեց, որ կառավարության կողմից ծրագրվում է գործարկել մի ծրագիր, ըստ որի մինչև երեք հեկտար հողատարածք ունեցող քաղաքացիները, ովքեր կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ժամկետով կազատվեն ջրի համար գանձվող վճարից:
Հայաստանում մեկնարկել է նաև ջրամբարաշինության ծավալուն ծրագիրը։ Հայաստանի լեռներում տարեկան ձևավորվում է 7 մլրդ խորանարդ մետր ջուր, որից ամբարվում է ընդամենը 1 մլրդ խորանարդ մետրը: Ջրօգտագործման արդյունավետ քաղաքականության իրականացման շնորհիվ հնարավոր կդառնա հանրապետությունում առկա վարելահողերի մեծ մասը դարձնել ոռոգելի։
  Հաջորդ ծրագիրը վերաբերվում է կրթության ոլորտի բարելավմանը։ Անդրադարձ կատարվեց ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացման ծրագին։ Ծրագրի համաձյան այն ուսուցիչները, ովքեր կանցնեն վերապատրաստում, սույն թվականի նոյեմբեր ամսից կստանան 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ։ Այն նաև յուրօրինակ խթան կհանդիսանա, որպեսզի ուսուցիչները շահագրգռված լինեն իրենց որակավորման հետևողական բարձրացմամբ։
  Աշխատանքներ են տարվում նաև համայնքներում և հեռավոր գյուղերում կրթության ոլորտի զարգացման ուղղությամբ։ Լուծվելու է հեռավոր գյուղերը համապատասխան մասնագետներով ապահովելու խնդիրը՝ վերապատրաստված և բարձր որակավորում ունեցող ուսուցիչների համար բարձր գործուղման վճար սահմանելու միջոցով։ Երկրորդ՝ ստեղծվելու է հեռավար կրթության ինստիտուտ, որի շնորհիվ բարձր որակավորում ունեցող մասնագետները հեռավար դասեր կանցկացնեն հեռավոր գյուղերի երեխաների համար։
  Ներկայացվեց նաև արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, որտեղ գրանցված հաջողությունները մենք տեսնում ենք արդեն այսօր։ Հայաստանի պատմության ընթացքում երկրի բանտերում երբեք այդքան քիչ բանտարկյալներ չեն եղել, ինչքան այսօր։ Համակարգը իրականացնում է առավելագույնը, որպեսզի ոչ մի անմեղ քաղաքացի չհայտնվի ճաղերի հետևում։
  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև համայնքներում կատարված աշխատանքներին։ Արենի համայնքի Ռինդ բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը, որի իրականացման համար ներդրվել է 120 մլն դրամ, որից 9 մլն դրամը՝ համայնքի, մյուս մասը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Նոր մանկապարտեզը իր դռներն է բացել ավելի քան 70 երեխաների համար, ինչպես նաև համայնքի 30 բնակիչների ապահովել է աշխատանքով։ Մանկապարտեզը համալրվել է նաև անհրաժեշտ գույքով։
  Զառիթափ համայնքում ներկայացվել է Զառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կմ հիմնովին վերակառուցված ճանապարհը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել արդեն 30 տարի։ Ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել էր 1 մլրդ 180 մլն դրամ։
  Համայնքերի բնակչների հետ հանդիպման ավարտին վարչապետը զրուցել է նաև բնակչության հետ, ծանոթացել հուզող խնիրներին՝ բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26