Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

06.04.2021

     Ապրիլի 6-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարության պատվիրակության կազմում էին ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանը, <Հայանտառ> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը, նախարարի խորհրդական Հովհաննես Մարտիրոսյանը:

     ՀՀ Վայոց ձորի մարզի <Հայանտառ> ՊՈԱԿ-ի <Վայոց Ձորի անտառտնտեսություն> մասնաճյուղի գրասենյակում նախարար Ռոմանոս Պետրոսյանի և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հանդիպում Վայոց ձորի անտառտնտեսության ղեկավարի և աշխատակիցների հետ:

     Ողջունելով ներկաներին, մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախարարին` ոլորտի մարզային խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և համոզմունք հայտնեց, որ միահամուռ ջանքերի շնորհիվ համագործակցության շրջանակը շարունակաբար կընդլայնվի և կամրապնդվի:

     Հանդիպմանն անդրադարձ կատարվեց աշխատանքային օրակարգի լայն շրջանակի: Քննարկման առանցքում էին շրջակա միջավայրի պահպանության գործում առկա խնդիրների և նրանց հասցեագրման ուղղությամբ փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը, կառույցի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը և ոլորտային ծրագրերին առնչվող այլ հարցեր: Մասնակիցների ուշադրության կենտրոնում էր նաև համապետական ծառատունկի իրականացման հարցը: Նախարար Ռոմանոս Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է կրկնապատկել հանրապետության անտառածածկ տարածքները:

     Բնապահպանության աշխատանքների կազմակերպման և կայունության պահպանման հարցերի համատեքստում նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց անտառների պահպանման, ապօրինի ծառահատումների դեպքերի կանխարգելման, անտառահատումների դեպքերի հայտնաբերման և արձանագրման, ինչպես նաև նշված խնդիրների շուրջ իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցելու անհրաժեշտության վրա: Նախարարը հորդորեց շարունակել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված հետևողական աշխատանքները և կանգ չառնել արձանագրված հաջողությունների վրա:

  Ոլորտի մասնագետները նախարարին ներկայացրեցին մարզում անտառապահպանության գործում առերեսվող առարկայական խնդիրները և նրանց հնարավոր լուծումները, մասնավորապես առաջ քաշելով համապատասխան տեխնիկայով վերազինվելու, հրդեհների կանխարգելման նպատակով անտառային ճանապարհները բարեկարգելու, արոտավայրերի և անտառային տնտեսությունների սահմանազատելու անհրաժեշտությունը։


  Ամփոփելով հանդիպումը, կողմերը փոխադարձաբար բարձր գնահատեցին կատարված աշխատանքները և ունեցած ներդրումը խնդիրների հասցեագրման գործում՝ շեշտելով այդ ուղղությամբ համագործակցության կարևորությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57