Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երևանում <Մոսկվայի տուն> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը և ՀՀ Վայոց ձորի մարզը շարունակում են զարգացնել համագործակցությունը

05.04.2021

    Ապրիլի 5-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց < Մոսկվայի տուն > մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի և Ղազախստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի հետ:

    Կողմերը, ի շարունակություն Վայոց ձորում ս.թ. մարտի 17-ին կայացած հանդիպման, մտքեր փոխանակեցին կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Ներկայիս փուլում այդ համագործակցությունը ընդգրկում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Մալիշկա համայնքները:

    Կողմերն այցելեցին Վայոց ձորի մարզային գրադարան, որտեղ երկկողմ ակտիվ և հետևողական ջանքերի շնորհիվ շուտով մեկնարկելու են ռուսաց լեզվի անվճար երկամսյա դասընթացներ: Ռուսաց լեզվի զրոյական կամ տարրական իմացությամբ երեխաների համար նախատեսված պարապմունքները ուսուցման գործընթացը կդարձնեն առավել հետաքրքիր և արդյունավետ՝ հնարավորություն ընձեռնելով երեխաներին զարգացնել ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի վերաբերյալ իրենց գիտելիքները:

    Բարձր գնահատելով մարզում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ ցուցաբերվող մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների կրթության զարգացման գործընթացը խթանելու նպատակով, <Մոսկվայի տուն> կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց մարզային գրադարանի մանկական բաժնին նվիրել ռուսաց լեզվով անհրաժեշտ գեղարվեստական գրականություն:

    Վայք համայնքի քաղաքային գրադարանի նոր և լուսավոր դասասենյակում հյուրերին դիմավորեցին ինչպես ծրագրի նոր մասնակիցները, այնպես էլ նախկին փուլի սաները: Այստեղ ապրիլի 1-ից սկսվել է ռուսաց լեզվի անվճար դասընթացների երկամսյա երկրորդ ծրագիրը: Բաց դասի ավարտին <Մոսկվայի տուն> կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ միասին, ավարտական վկայականներ շնորհեցին առաջին ծրագրի շրջանավարտներին:

    Շնորհավորելով բոլորին դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ՝ Վահրամ Կարապետյանը հորդորեց երեխաներին կանգ չառնել ձեռք բերված հաջողությունների վրա և ձգտել էլ ավելի կատարելագործել իրենց գիտելիքները:

    Այցելության վերջին ուղղությունը Մալիշկա համայնքն էր, ուր կողմերը տեղում դիտարկեցին ռուսաց լեզվի անվճար դասընթացներ սկսելու հնարավորությունները և հեռանկարները:

    Ամփոփելով հանդիպումը, կողմերն ընդգծեցին, որ ներկայիս մարտահրավերները, առավել քան երբևէ, հրամայական են դարձնում կրթված և բանիմաց երիտասարդություն դաստիարակելու անհրաժեշտությունը, ինչով և պայմանավորված է նրանց՝ ավելի ընդլայնված փոխգործակցություն ձևավորելու մղումը: Արձանագրելով, որ այս բնագավում <Մոսկվայի տուն> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև առկա է զգալի ներուժ, պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման և ամրապնդման ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40