Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ
30.03.2021
Մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում մարզպետ Արարատ Գրիգորյանի և առողջապահության և uոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների հետ: Ներկա էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և աշխատակազմը:
Սույն թվականի ապրիլի 1-ից մարզպետարանի առանձնացված երկու ստորաբաժանումները միավորվում են, դառնալով մեկ միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն, և հանդիպումը հրավիրվել էր այդ ստորաբաժանումների աշխատակիցներին իրենց հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթելու նպատակով:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց տարիների արդյունավետ աշխատանքի և ցուցաբերած շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ նշված փոփոխությունները պետք է դիտվեն ոչ թե որպես համագործակցության ավարտ, այլ նոր էջ և նոր հնարավորություն՝ այդ համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:
Վայքի ՍԱՏԳ պետ Արմեն Մարգարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տարիների փորձը և հնարավորությունները լավագույնս ուղղել իրենց առջև ուղենշված նպատակների իրագործմանը:
Հանդիպման ավարտին մարզպետը շնորհակալագրեր հանձնեց Եղեգնաձորի և Վայքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցներին՝ երկարամյա բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ և նոր ձեռքբերումներ:
Հիշեցնենք, որ Եղեգնաձոր քաղաքում միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքները շարունակվում են։
Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայությունների (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում:
Կենտրոնը միասնական ընդունարանի սկզբունքով կսպասարկի շուրջ 16,000 քաղաքացու։