Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի բժշկական կենտրոնը շարունակում է վերազինվել նոր և ժամանակակից սարքավորումներով
25.03.2021
ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, հավատարիմ մնալով ՀՀ առողջապահական համակարգին շարունակական օժանդակություն տրամադրելու իր սկզբունքին, գերժամանակակից ռենտգենոսկոպ է նվիրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին:
Նոր սարքավորումը հիվանդանոցին հնարավորություն կընձեռի արդյունավետ հետազոտության միջոցով տրամադրել առավել բարձր և որակյալ բժշկական ծառայություն` այդպիսով նպաստելով Վայոց ձորի առողջապահական համակարգի բարելավմանը:
Եղեգնաձորի ԲԿ-ի միջոցներով վերանորոգվել է նաև Ռադիոլոգիական բաժանմունքի ռենտգենոսկոպիայի սենյակը՝ ռենտգենոսկոպի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով:
Այսօր կայացած հանդիպման ընթացքում Եղեգնաձոր ԲԿ-ի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ից ստացված աջակցությունը:
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ով նշեց, թե որքան կարևոր է համագործակցությունը տարբեր մարտահրավերների այս դժվարին ժամանակներում, և շնորհակալություն հայտնեց բնակչության կողքին կանգնելու և հումանիտար օգնություն տրամադրելու համար: Նա ընդգծեց, որ տրամադրված ցանկացած օժանդակություն դա միայն ներդրում չէ, այլ քայլ է՝ ուղղված մարդկային կյանքեր փոխելուն, առողջության և կյանքի որակի բարելավմանը:
Ամփոփելով հանդիպումը, մարզպետի տեղակալը պատրաստակամություն հայտնեց համագործակցել մարզի առողջապահության ոլորտը բարելավելու գործում՝ հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կլինի ավելի բազմաբևեռ՝ ներառելով նոր ծրագրեր ինչպես Եղեգնաձորում, այնպես էլ Վայոց ձորի մարզի մյուս բուժհաստատություններում։