Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բատիկայի աշխատանքների ցուցահանդես՝ Եղեգնաձորի <Գիտելիք> համալսարանում

05.03.2021

  Մարտի 5-ին, ժամը 16:00-ին, Եղեգնաձորի <Գիտելիք> համալսարանում տեղի ունեցավ ստեղծագործ կանանց համար կազմակերպված դասընթացի մասնակիցների աշխատանքների ցուցադրության բացման արարողությունը, որը կազմակերպվել էր <Սյունիք-Զարգացում> հասարակական կազմակերպության <Սոցիալական զարգացում> ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ, մշակութային հաստատությունների ղեկավարներ, արվեստասերներ, դասընթացի մասնակիցները և նրանց հարազատները:

Բացման խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Թեմի Առաջնորդն իր խոսքում նշեց, որ <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ն միշտ խրախուսել է մարզի երիտասարդների համար կրթական, մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացումը, որի վառ ապացույցն է բատիկայի վեցամսյա դասընթացի ավարտին նվիրված խմբի մասնակիցների գործերի ցուցադրության կազմակերպումը:

<Ցուցահանդեսի կազմակերպման նպատակը կյանքն ավելի վառ ու գեղեցիկ գույներով ներկայացնելն է և բոլորիս, առավելապես երիտասարդների համար ավելի բարձր տրամադրություն ապահովելը>,- նշեց Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Նա շնորհակալություն հայտնեց դասընթացի ղեկավար Նելլի Հովհաննիսյանին և խմբի անդամներին ստեղծած գեղեցիկ աշխատանքների համար:

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից ցուցահանդեսի մասնակիցներին ողջունեց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար
Ղազարյանը:
Դասընթացի ղեկավար Նելլի Հովհաննիսյանը ցուցահանդեսի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ներկայության, իսկ իր սաներին` գեղեցիկ աշխատանքների համար և նրանց հանձնեց դասնըթացի ավարտական հավաստագրերը:
Մեզ հետ զրույցում Նելլի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ բատիկայի դասընթացներ կազմակերպվել են 2011 թվականից, սկզբում Վայոց Ձորի թեմի առաջնորդարանի աջակցության, իսկ 2016 թվականից՝ <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի <Սոցիալական զարգացում> ծրագրի շրջանակում:

Ցուցահանդեսի բացումից հետո մասնակիցները դասընթացի սաների ուղեկցությամբ շրջեցին տաղավարներում, ծանոթացան ներկայացված աշխատանքներին, որոնք աչքի էին ընկնում իրենց նրբագեղությամբ, գեղեցկությամբ, վառ ու ցայտուն գույներով, և ցուցահանդեսից հեռացան գեղեցիկ տպավորություններով և կրկին հանդիպելու ակնկալիքով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:18:15