Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում Հայկական կարմիր խաչի ընկերության պատվիրակության անդամների հետ
23.02.2021
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Պատվիրակությունը ղեկավարում էր Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:
Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզպետի օգնականները:
Փոխադարձ կարևորելով համատեղ աշխատանքը՝ հանդիպման մասնակիցները քննարկեցին կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց իրենց գործունեության գլխավոր ուղղությունները, ինչպիսիք են աղետների կառավարումը, քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը, իրազեկվածության բարձրացումը, մարդասիրական կարիքների բավարարումը, սոցիալ-հոգեբանական աջակցությունը:
Համագործակցությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու նպատակով մարզպետ Արարատ Գրիգորյանը առաջարկեց կատարվելիք աշխատանքները նախապես քննարկել և պայմանավորվածություն ձեռք բերել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:
Կարմիր խաչի ներկայացուցիչները հետաքրքրվեցին մարզի այն խոցելի ոլորտներով, որոնք առավել շատ աջակցության կարիք ունեն:
Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու համագործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ, որտեղ առաջնային կարևորություն տրվեց կրթության և գյուղատնտեսության ոլորտներին: Քննարկման առանցքային ուղղություններից էր ռազմական գործողություններին մասնակցած անձանց և նրանց հարազատներին հոգեբանական աջակցության տրամադրման հարցը:
Հանդիպման ավարտին մարզպետի տեղակալը ներկայացրեց համագործակցության շրջանակներում կատարված լայնածավալ աշխատանքը, առաջարկեց աջակցության ծրագրերում ներգրավել ոչ միայն արցախցի հայրենակիցներին, այլ նաև մարզի խոցելի խմբերին:
Արդյունավետ համարելով համատեղ աշխատանքը թե՛ Covid19-ի, թե՛ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իրենց մարդասիրական առաքելության համար և մաղթեց փոխադարձ արդյունավետ աշխատանք: