Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպված միջոցառում
20.02.2021
Այսօր Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր միջոցառում նվիրված Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված վայոցձորցի մերօրյա հերոս Դավիթ Հովհաննիսյանին, ով սովորել և ավարտել է տեղի դպրոցը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, զոհված հերոսի ծնողները, դպրոցի ուսուցչական կազմը և այլ հյուրեր:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած բոլոր նահատակների հիշատակը:
Դպրոցականների կատարմամբ ներկայացվեց հերոսի կարճ, բայց բովանդակալից կենսագրությունը, հնչեցին հայրենասիրական երգեր, ասմունք, երախտիքի խոսքեր:
Ավագ լեյտենանտ Դավիթ Արայի Հովհաննիսյանը ծնվել է Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում 1995 թվականի օգոստոսի 1-ին։
Ավարտելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ծառայության է անցել Սիսիանում: Մասնակցել է Ջրականի և Հադրութի թեժ մարտերին:
Դավիթը հերոսաբար զոհվել է 11.10.2020 թվականին` պաշտպանելով հայրենիքը։
Արփիար Ղազարյանը մարզպետ Արարատ Գրիգորյանի անունից ողջույնի խոսք հղեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին: Իր խոսքում նշեց, որ Դավիթ Հովհհանիսյանը աչքի էր ընկնում ոչ միայն իր խիզախությամբ, այլ նաև աշխատասիրությամբ, փայլուն գիտելիքներով, մասնակցել էր բազմաթիվ մրցույթների, ինտելեկտուալ խաղերի և պատվով ներկայացել: Իմ խոնարհումն եմ հայտնում մեր բոլոր զոհված հերոսների հիշատակին:
Հավերժ փառք, հանուն հայրենիքի անմահացած մեր հերոսներին ...