Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։
18.02.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալ Գայանե Խաչիկյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը, մարզպետի խորհրդականը, օգնականը:
Հանդիպման նպատակը Վայոց ձորի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ հաստիքներում նշանակված անձանց աշխատանքի հաճախելու, ընթացիկ աշխատաժամանակի հաշվարկի, դրանց նկատմամբ վերահսկողական գործուն մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության վերաբերյալ հարցերի քննարկումն էր, ինչպես նաև դպրոցներում առկա խնդիրների բարձրաձայնումը, քննարկումը և լուծման հնարավոր ուղիների որոնումը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, հետաքրքվեց մարզի հանրակրթական հաստատություններում առկա հրատապ խնդիրներով, մարզային օլիմպիադայի ադյունքներով: Անդրադառնալով կրթության բնագավառում առկա հիմնախնդիրներին՝ նշեց, որ դրանց լուծման համար կարևոր նախապայման պետք է լինի դպրոցներում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը, անձնական հարաբերություններից վեր կրթական գործընթացի կազմակերպումը:
ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալ Գայանե Խաչիկյանը կարևորեց խորհրդակցությունը, քանի որ նման հանդիպումները թույլ են տալիս ուսումնական հաստատությունների տնօրեններին լինել ավելի իրազեկված: Դիմելով տնօրեններին՝ խորհուրդ տվեց լինել առավելագույնս ուշադիր և զգույշ: Առաջարկեց մշակել և հստակեցնել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման մեխանիզմը, այն չանել միանձնյա, և արձանագրել աշխատակիցների այցը ուսումնական հաստատություն ամենօրյա կտրվածքով, ինչը թույլ կտա խուսափել հնարավոր խնդիրներից:
Խոսելով դպրոցների տնօրենների կողմից թույլ տրվող ենթադրյալ իրավախախտումների մասին` մարզպետը կոչ է արել խստիվ բացառել հնարավոր իրավախախտումները կրթօջախներում` լրջագույն խնդիրներից խուսափելու համար: Նա հորդորել է դպրոցի տնօրեններին վերանայել իրենց գործելաոճը, աշխատել նորովի, հարցերի դեպքում քննարկել համապատասխան ստորաբաժանումների հետ:
Արարատ Գրիգորյանը կարևորել է համավարակի պայմաններում կրթական հաստատություններում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը, ինչպես նաև պատշաճ կերպով աշակերտներին չոր և տաք սննդով ապահովումը՝ կախված յուրաքանչյուր դպրոցի կարիքներից և հնարավորություններից: Հորդորել է պատասխանել գրություններին ժամանակին, և ծանուցումներ տրամադրել թոշակառու ուսուցիչների վերաբերյալ: Նա անդրադարձել է նաև դպրոցների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարվող մրցույթների բաց եւ թափանցիկ պայմաններում իրականացնելու անհրաժեշտությանը, ինչպես նաև կարևորել ուսուցչական կազմում բարձր գիտելիքներ ունեցող ուսուցիչներին ընդգրկելու անհրաժեշտությունը:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետն ընդգծել է, որ կրթությունն ամենակարևոր ոլորտներից է հանդիսանում, և նա տնօրեններից ակնկալում է համագործակցված աշխատանք` կիրթ և բանիմաց քաղաքացի դաստիարակելու համար: