Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի աշխատանքային այցը <Երեմյան փրոջեքթս> ընկերությանը պատկանող անասնապահական համալիր
03.02.2021
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի և մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ աշխատանքային այցով եղել են Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործող <Երեմյան փրոջեքթս> ընկերությանը պատկանող անասնապահական համալիրում:
Հանդիպմանը ներկա են եղել <Էկո ֆարմ> ընկերության տնօրեն Արամ Կիրակոսյանը, գյուղատնտեսական ծրագրերի համակարգող Արծրուն Խաչատրյանը և անասնաբույժ Արեգ Սարուխանյանը:
Արծրուն Խաչատրյանը ծանոթացրեց տարածքին, մանրամասն ներկայացրեց իրենց գործունեությունը, տեղեկություններ հաղորդեց կովերի ցեղատեսակների մասին: Ինչպես նաև ներկայացրեց զարգացման հետագա հեռանկարներն ու այդ ուղղությամբ կատարվող քայլերը:
Ընկերությունը Վայոց ձորում ստեղծել է միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից տեխնոլոգիաներով և սարքավորումներով հագեցած ֆերմա, որտեղ բուծվում են Եվրոպայից ներկրված մաքրացեղ ֆլեկվի, հոլշտեյն, անգուս և ջերսի տոհմային բարձրարժեք գենետիկայով կովեր: Ֆերմայում ապահովված են կենդանիների կեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Կենդանիների կերակրման գործընթացն ավտոմատացված է՝ կերախառնիչի օգնությամբ ստանում են սարի խոտի, հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ, հյութեղ կանաչի և առվույտի օպտիմալ կերախառնուրդ, որն ընկերության կերախոհանոցում համապատասխան վերամշակում անցնելուց հետո մատակարարվում է կենդանիներին:
Անասնապահական համալիրում կենդանիները խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով: Իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմատ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության համակարգ, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ և այլն: Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կիթի սրահ։ Իրականացվում է նաև կրծի առողջության պարբերական ստուգում:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ընկերության նմանօրինակ գործունեությունը, որի շնորհիվ արտադրվում է բարձրորակ էկո մթերք, բացվում են նոր աշխատատեղեր, ինչը մարզի բնակչության կենսաապահովման բարելավման համար ունի շատ կարևոր նշանակություն:
Արարատ Գրիգորյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց՝ փորձի փոխանակման նպատակով մարզում անասնապահությամբ զբաղվող մյուս ֆերմերների համար այցեր կազմակերպել <Երեմյան փրոջեքթս> ընկերության անասնապահական համալիր: