Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենշաբաթյա հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ

01.02.2021

  Փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները, օգնականները և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված <Արենի գինու հյուրանոցային համալիր>-ի շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման և Ջերմուկի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ընթացքով:
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ հյուրանոցային համալիրի շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ փետրվարի 3-ին, մասնագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրություն կատարելուց հետո, տեղի կունենա Ջերմուկում տեղադրված արևային ֆոտովոլտային կայանի ընդունման աշխատանքները:
Արարատ Գրիգորյանը քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց՝ գույքագրել և ներկայացնել Մ-2 մայրուղու մարզի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրերին կառուցված ինքնակամ շինությունների ցանկը, նշելով յուրաքանչյուր շինության հեռավորությունը ճանապարհից:
Մարզպետը կրկին հետաքրքրվեց գարնանացան սերմացուի ներկրման ժամանակացույցով և գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելք պատվաստանյութերի համապատասխան քանակի ձեռք բերման աշխատանքների ընթացքով:
Արարատ Գրիգորյանը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարեց հանդիպումներ կազմակերպել Եղեգիսի և Ջերմուկի արոտավայրերում ամռանը ոչխարի հոտերը նստեցնող ֆերմերների և գյուղացիների հետ, նշված համայնքների հեռագնա արոտավայրերն օգտագործելու ընթացքում սահմանային խնդիրներից խուսափելու նպատակով:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկացրեց, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների վերաբերյալ ՀՀ ՊՆ է ներկայացվել 85 անձի տվյալներ, որոնցից 43-ին տրվել է դրական եզրակացություն: Մարզպետը վարչության պետին հանձնարարեց հետևողակալ լինել, որպեսզի զոհված բոլոր զինծառայողների վերաբերյալ գործերը հնարավորինս շուտ ներկայացվի ՊՆ:
ԿԳՄՍ վարչության պետը տեղեկություններ հաղորդեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի ընթացքի մասին և ներկայացրեց դպրոցների տնօրենների մրցույթի գրաֆիկը:


Զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետը տեղեկացրեց, որ մարզի 8 համայնքներից 6-ի կողմից արդեն ներկայացվել է 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերի ամբողջական փաթեթները, քննարկման ընթացքում է մյուս 2 համայնքների կողմից ներկայացված հայտերը: Բաժնի պետը տեղեկացրեց, որ բոլոր հայտերում ներկայացված աշխատանքների տեխնիկական բնութագրերը կտրվում են քաղաքաշինության վարչության կողմից:
Հողերի նպատակային նշանակության փոփոխությունների վերաբերյալ տեղեկություն ներկայացրեց մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետը:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը ներկայացրեց բարեգործական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների արդյունքում <Դիակոնիա> ԲԿ-ի կողմից պատերազմում զոհված զինծառայողների և մարզի անապահով ընտանիքների երեխաներին աջակցություն տրամադրելու մասին տվյալներ (ձմեռային տաք հագուստ և կոշիկներ):
Տեղեկություններ ներկայացրին մարզպետարանի քարտուղարության պետը, իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, անձնակազմի կառավարման, զորահավաքային նախապատրաստության բաժինների պետերը:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:15:48