Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

28.01.2021

 Սիրելի՛ հայրենակիցներ,
1992 թվականից հայ ժողովուրդը սիրով և ամենայն գուրգուրանքով է սպասել հունվարի 28-ին ու տոնական միջոցառումներով նշել Հայոց բանակի օրը:
Բանա՛կ, որ ստեղծվեց Արցախյան ազատամարտի ամենադժվար պահերին՝ թշնամու դեմ քաջաբար մարտնչող հայ կամավորական խմբերի հիմքով: Բանա՛կ, որ Արցախյան առաջին պատերազմում համոզիչ ձևով կռեց ազատամարտի հաղթանակն ու շարունակեց իր հաղթական ուղին՝ 2016 թվականի ապրիլյան և 2018 թվականի հունիսյան սահմանային բախումների ընթացքում՝ անառիկ պահելով հայոց պետականության սահմանները: Ցավոք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմում ունեցանք ծանր կորուստներ, որի ընթացքում էլ, անգամ, թշնամու և հայոց բանակի անհավասար պայքարում, հայ զինվորներն ու սպաները, կամավորական խմբերի մարտիկները գործեցին անհավատալի սխրանքներ, ցուցաբերեցին աներևակայելի խիզախություն:
Այսօր մեր պարտքն է ցուցաբերել խնամք ու հոգատարություն հայ զինվորին ու սպային, ողջ ազգով սատար լինել հայոց բանակին, հզորացնել ազգային բանակը և վերականգնել մեր բանակի անպարտելիությունը:
Մենք պարտավոր ենք ապրել նաև մեր նահատակների փոխարեն՝ ապրեցնելով ու վառ պահելով նրանց հիշատակը՝ շարունակելով նրանց կիսատ թողած գործը:

Իմ խոնարհումը՝ նահատակված բոլոր հայորդիների պայծառ հիշատակին, իմ ակնածանքը՝ որդեկորույս ծնողներին: Հազար փառք բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին:

Աղոթքներս՝ վիրավոր զինվորների առողջության արագ վերականգման, անհետ կորածների և գերիների շուտափույթ տունդարձի համար: Համբերություն նրանց վերադարձին սպասող բոլոր հարազատներին:

Սիրելի՛ զինվորներ, այսօր էլ մենք ապրում, գործում ու գոյատևում ենք ձեր շնորհիվ: Դուք ազգի զավակներն եք՝ բոլորիս երեխաները: Ուստի հայրաբար ասում եմ՝ ողջությու՛ն ձեզ, ազգի՛ս զավակներ, շնորհավոր ձեր տոնը, մեր երկրի պահապաննե՛ր:

Թույլ տվեք նաև ասել՝
Աստված պահապան Հայոց բանակին, բարի ծառայություն հայ զինվորին և խաղաղ օրեր հայ ժողովրդին:

Հարգանքով՝  Արարատ Գրիգորյան

ՀՀ Վայոց ձորի մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 18:32:26