Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան ուղերձ

31.12.2020

  Սիրելի' հայրենակիցներ,
  Մի քանի ժամից միասին կշրջենք 2020 թվականի էջը: Մենք պատմությանը պահ կտանք մի տարեթիվ, որը բոլորիս հիշողություններում մնալու է որպես ցավալի կորուստների դժվարագույն ժամանակաշրջան:
Այո՛, մենք փակելու ենք մեր պատմության այդ ցավոտ էջը, բայց երբեք չենք մոռանալու մեր սրտի ցավը, մեր հոգու կսկիծը; Փորձելու ենք շարունակել մեր կյանքի ճանապարհը` դասեր քաղելով մեր պատմության այս դառն իրականությունից:
Սիրելինե'րս, մեր կորուստներն ու դժվարությունները չպետք է թուլացնեն մեզ, այլ պետք է ստիպեն՝ ավելի համախմբվելու, ուժեղանալու, բռունցքվելու և պայքարելու հանուն մեր երկրի վաղվա օրվա, հանուն մեր սերունդների խաղաղ ու բարեկեցիկ կյանքի, հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի:

     Այո՛, մենք իրավունք չունենք թուլանալու, այլ պետք է բազմապատկենք մեր ուժերը, վերականգնենք մեր երկրի խաղաղ գոյատևելու իրավունքը, շենացնենք մեր գյուղերն ու քաղաքները, ապրենք ու շարունակենք իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնք ձեռնարկել էին մեր հերոսները, բայց անավարտ մնացին:
Պետք է շարունակել մեր հերոսների կիսատ գործերը՝ դա է պահանջում հանուն հայրենիքի զոհված մեր սուրբ նահատակների հիշատակը, մեր վիրավոր զինվորների ու կամավորների անկոտրում կամքը: Պատմության ընթացքն անկասելի է: Ուստի անհրաժեշտ է ուղղել կորացած մեջքն ու շարունակել մեր երկրի պատմությունը՝ սրբագրելով սխալները, շտկելով բացթողումները:

   Խորին խոնարհումս՝ մեր հերոսների պայծառ հիշատակին: Իմ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում սուրբ նահատակների ընտանիքներին ու հարազատներին: Համբերություն անհետ կորած և գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ծնողներին ու բարի վերադարձ նրանց: Շուտափույթ ապաքինում և առողջություն մեր վիրավորներին:

    Մաղթում եմ, որ գալիք 2021 թվականը մեր մարզի, մեր երկրի և ողջ հայության համար լինի խաղաղության, առողջության ու ազգային վերքերի ամոքման տարի:
Աստված պահապահ բոլորիս:

Սիրով ու հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ 
Արարատ Գրիգորյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01