Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արցախի չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների փոխհատուցման ծրագիր
04.12.2020
Կառավարությունը վեցամսյա սոցիալական աջակցություն կցուցաբերի ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողներին։
- Հյուրընկալ է համարվում այն ֆիզիկական անձը, ում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանում է բնակելի անշարժ գույք և ով հյուրընկալվողին տրամադրում է կացարան 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար:
- Սոցիալական աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար 30 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Հայաստանի Հանրապետությունում է և 45 000 ՀՀ դրամ, եթե հյուրընկալի կացարանը Արցախի Հանրապետությունում է։
Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝
1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 12-ը ներառյալ,
2) 2021 թվականի հունվար-մայիս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։
Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
Միջոցառման իմաստով հյուրընկալվող չի համարվում Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերում սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ունեցող քաղաքացին։
ArmGov
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն