Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հաղթելու ենք, սիրելի՛ ուսուցիչներ, և ձեր սաները տուն են վերադառնալու հաղթանակի դափնիով. ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան
05.10.2020
Սիրելի ուսուցիչներ:
Սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Մեր երկրի համար դժվար ու վճռորոշ այս պահին մեր Հայրենիքի սահմանները պաշտպանում են Ձեր դաստիարակած սաները, որոնց հոգում Դուք սերմանել եք հայրենասիրություն ու մարդասիրություն:
Ձեր սաներն այսօր անվարան կռիվ են մղում թշնամու դեմ, դրսևորելով առանձնահատուկ հայրենասիրություն, անտեսելով վտանգ ու ցավ: Նրանք իրենց կյանքի գնով պաշտպանում են մեր երկիրն ու հող-հայրենին՝ կրակից ու թշնամու ոտնձգություններից հեռու պահելով հայրենի եզերքն ու իրենց հարազատ օջախները:
Հայրենիքն այսքան խորը սիրելու, երկրի պաշտպանության համար պայքարը սրբազան համարելու զգացողությունները նրանց մեջ ձևավորվել է նաև Ձեր շնորհիվ: Դուք եք նրանց դարձրել և՛ գիր սիրող, և՛ զենք բռնող՝ կրթության ու գիտության հանդեպ սեր ձևավորելուն զուգահեռ նրանց մեջ ձևավորելով քաջություն ու խիզախություն:Դուք եք նրանց մեջ ներարկել պայքարելու, մարտնչելու, հաղթանակի հասնելու կամքը, չկոտրվելու համառությունը:
Թանկագին ուսուցիչներ, խոնարհվում եմ Ձեր առջև, Ձեր շնորհակալ աշխատանքի, անգնահատելի վաստակի, ներդրած ջանքերի ու նվիրումի համար: Ձեր վաստակի գնահատականը Ձեր սաների հաղթանակներ են գիտության մեջ, նաև այսօր կռվի դաշտում: Հաղթելու ենք, երբ ունենք Ձեզ նման ուսուցիչներ:
Վայոց ձորի մարզի, հարգարժա՛ն ուսուցիչներ, կրկին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ՝ ողջություն ու առողջություն, հաջողություններ ու նոր ձեռքբերումներ և խաղաղ աշխատանքային առօրյա:
Այո՛, հաղթելու ենք, սիրելինե՛րս, և ձեր սաները տուն են վերադառնալու հաղթանակի դափնիով: