Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԱԾ-ն պատասխանատվության կենթարկի ռազմական դրության պայմաններում կեղծ լուրեր տարածողներին

03.10.2020

 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։

Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության շրջանում։

Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անհրաժեշտ է չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը բացառապես միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն և պետությունը թուլացնելուն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին (провокатор) հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն:

Միաժամանակ, հորդորում ենք խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի <Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին> N 1586-Ն որոշման պահանջները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10