Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ - Ճապոնական ծրագրի ամփոփում. Դպրոցական գույք՝ Վայոց ձորի 19 դպրոցների

07.09.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ՀՀ-ում ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավային, <Զարգացում և բարեկեցություն> հասարակական կազմակերպության նախագահ Գայանե Գևորգյանին:


Դպրոցական գույքի տրամադրման աջակցության հայ-ճապոնական ծրագրի ամփոփման արարողության օրակարգային հանդիպմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդականներ, <Զարգացում և բարեկեցություն> ՀԿ ներկայացուցիչներ:
Ընդունելության ընթացքում քննարկվեցին մի շարք կրթամշակութային համագործակցության հարցեր, խորհրդանշական նվերներ հանձնվեցին հյուրերին՝ դիմակներ Հայաստանի և Ճապոնիայի դրոշներով ի նշան բարեկամական հարաբերությունների և պանդեմիայի դեմ պայքարի, ընկուզենու փայտից սկիհ և ճապոնական սակուռաներով՝ պանոներ պատրաստված մարզի շնորհալի ստեղծագործողների կողմից:


Վայոց ձորի մարզը, լինելով սահմանամերձ գոտի, ունի բազմաթիվ սոցիալական խնդիրներ և դպրոցների պայմանների բարելավումը առաջնայիններից է, քանզի դրանից է կախված սերնդի կրթումն ու հասարակության ձևավորումը:
<Զարգացում և բարեկեցություն > ՀԿ-ն և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը 2019թ. կնքել են պայմանագիր, որով Վայոց ձորի մարզի 19 դպրոցներ ստացել են դպրոցական գույք՝ 654 սեղան և 1308 նստարան միջին և ավագ դպրոցի, 113 սեղան և 226 նստարան տարրական դպրոցի համար, ինչպես նաև ուսուցչի 86 սեղան և աթոռ: Ծրագիրը իրականացվել է Մարդկային Անվտանգության <Գրասրութ> դրամաշնորհային ծրագրի միջոցներով: Ընդհանուր գումարը կազմել է 67,694 ԱՄՆ դոլար: Շահառու են 2306 աշակերտ:
Այս ծրագրի մշակման ընթացքում Վայոց ձորի մարզպետարանի համատեղ մոնիթորինգի արդյունքում ընտրվել և գույք են ստացել ամենակարիքավոր հետևյալ դպրոցները.
1.Թառաթումբի միջն. դպրոց 2. Բարձրունու միջն. դպրոց 3.Խնձորուտի միջն. դպրոց 4.Հերհերի միջն. դպրոց 5. Մարտիրոսի միջն. դպրոց 6.Ազատեկի միջն. դպրոց 7.Արտավանի միջն. դպրոց 8.Արենիի միջն. դպրոց 9.Արտաբույնքի միջն. դպրոց 10.Քարագլխի միջն. դպրոց 11.Չիվայի միջն. դպրոց 12.Գլաձորի միջն. դպրոց 13.Շատինի միջն դպրոց 14.Արփիի միջն. դպրոց 15.Գետափի միջն. դպրոց 16.Ագարակաձորի միջն. դպրոց 17.Ռինդի միջն. դպրոց 18.Զառիթափի միջն.դպրոց 19.Ելփինի միջն․ դպրոց:
Ծրագրի փակման բուն արարողությունը տեղի ունեցավ Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի միջնակարգ դպրոցի շրջայցից հետո, ուր մարզպետին ու դեսպանին դիմավորեցին աղուհացով, պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Ամփոփման համար ընտրվել էր ոչ շատ հեռավոր, բայց լեռնային գոտում գտնվող այս գյուղը, որպեսզի հյուրերը առավել լավ պատկերացնեին իրենց աջակցության կարևորությունը գյուղական կրթօջախների համար: Ազատեկի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարեն Ղազարյանի ուղեկցությամբ հյուրերը ծանոթացան ծրագրի արդյունքում տրամադրված գույքին, որից հետո Գայանե Գրիգորյանը մանրամասներ ներկայացնելով ծրագրից խոսքը տրամադրեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին:


Մարզպետը շնորհակալություն հայտնելով աջակցության և մարզի ընտրության համար, կարևորելով գյուղական համայնքներում դպրոցական, կրթական ծրագրերը՝ շեշտեց համագործակցության շարունակականության կարևորությունը և Դեսպանին հրավիրեց ճանաչողական այցով Վայոց ձոր՝ քննարկելու և ընդլայնելու համագործակցությունը:
Իր ամփոփիչ խոսքում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադայն էլ կարևորելով դպրոցն ու կրթության դերը պետության զարգացման գործում, նշեց, որ այս օժանդակությունը կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, որը էլ ավելի է ամրացնում ավանդաբար ձևավորված Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունները:


Տպավորված վայոցձորյան այցով, դեսպանը Վայոց ձորը նմանեցրեց Հայաստանի քարտեզում տեղակայված <սրտի>՝ սիրով ընդունելով համագործակցության ընդլայմանն ուղղված հրավերը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58