Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լուծվել է Մոզրով և Գնիշիկ գյուղերի ջրի խնդիրը
21.08.2020
Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) <Էկո գյուղերի ցանց> ծրագրի շրջանակում հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման նպաատակով վերջին երկու տարվա ընթացքում Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով գյուղերի համար ջրագծեր են կառուցել: Նախորդ տարիներին կառուցվել է Գնիշիկ գյուղի ջրագիծը, իսկ վերջերս՝ Մոզրովի:
Հարևան գյուղերում առանձին ջրային համակարգերի կառուցումով լուծվել են բնակիչների համար կարևոր նշանակության հարցեր՝ վերացել են ջրօգտագործման ընթացքում գյուղերի միջև եղած երբեմնի անհամաձայնությունները, ավելացել են մշակվող տնամերձերը և ամենակարևորը՝ վերականգնվել է վաղվա օրվա նկատմամբ բնակիչների հավատը:
Ընդհանուր առմամբ կառուցվել է մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ, 2 ջրընդունիչ, 5 բաժանարար հանգույց և անհատական միացման 31 կետ:
Համայնքի վարչական ղեկավար Արա Լևոնյանի գնահատմամբ և՛ Մոզրովում, և՛ Գնիշիկում կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում և ջրի անհրաժեշտ քանակ՝ կյանքի բնականոն ռիթմով ապրելու և այգեգործությամբ զբաղվելու համար: Վարչական ղեկավարը կարևոր ձեռքբերում է համարում նաև կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ոռոգելու հնարավորությունը:
<Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու և բերք ստանալու հնարավորություն։ Մենք ձգտել ենք իրականացնել այդ նպատակը>, - տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը նշել է՝ անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: