Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց մարզում արտադրվող խաղողի բերքի իրացմանը վերաբերող հարցեր
19.08.2020
Այսօր՝ օգոստոսի 19- ին, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ խաղող արտադրողների և մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց խաղողի բերքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը:
Մարզպետ Գրիգորյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ
մարզպետարանը հանդիպումը նախաձեռնել է, որպեսզի արտադրող-վաճառող և մթերող-վերամշակող շղթայի ներկայացուցիչները դեմ հանդիման բարձրաձայնեն իրենց հուզող խնդիրները: Մարզպետը նշեց, որ խնդիրների վերհանումից հետո անհրաժեշտ է վերլուծել և գնահատել իրավիճակն ու գտնել լուծման այնպիսի ուղիներ, որոնք կողմերի միջև կապահովեն գործընկերային հարաբերություններ, ինչը ենթադրում է՝ երկու կողմերին էլ բավարարող պայմանների առկայություն:
Քննարկվեց խաղողի կանխատեսվող քանակին, ինչպես նաև մթերումների քանակին ու վաճառքի գնին վերաբերող հարցեր: Առաջարկվեց խաղողի իրացման այլ տարբերակներ նաև՝ որպես մրգի՝ մեծածախ վաճառքի կազմակերպում։
Արենի համայնքի ղեկավարը ներկայացրեց բնակավայրերում կանխատեսվող խաղողի մոտավոր քանակը և մթերողների հետ պայմանագիր ունեցող անձանց թիվն ու մթերման հնարավորությունները:
Որոշվեց վաճառող-գնորդ հարաբերություններն ամրագրել պայմանագրերով, պայմանագրերում զետեղելով խաղողի քանակի, որակի և գնի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև ռիսկերին վերաբերող պայմանագրային կետեր:
Հանդիպման ավարտին մարզպետ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին ակտիվ քննարկման համար և հաջողություններ մաղթեց բոլորին: