Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարեցների խնամքը մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում է
29.07.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ օրերս տեղի ունեցավ հանդիպում-քննարկում <Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի> նախագահ Արթուր Թորոսյանի և իր աշխատանքային թիմի հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետն ու աշխատակիցները:
Հանդիպման ընթացքում Արթուր Թորոսյանը ներկայացրեց ասոցիացիայի գործունեությունը, կատարված աշխատանքները: Մանրամասն անդրադարձ եղավ նաև ներկայում Վայք քաղաքում իրականացող տարեցների տնային խնամքի ծառայության ծրագրին։
Մարզպետն իր խոսքում նշեց, որ կարևորում է մարզային իշխանությունների, ՏԻՄ-երի և հասարակական կազմակերպությունների փոխհամաձայնեցված համագործակցությունը մարզում՝ շեշտելով, որ այդ կերպ շահառուի համար կմեծանա իրականացվող ծրագրի արդյունավետությունը:Նա նշեց նաև, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու ծրագրի իրականացմանը Վայք քաղաքում, հույս հայտնելով, որ հետագայում ծրագրում կընդգրկվեն նաև մարզի այլ համայնքներ։
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը նույնպես ողջունեց Ասոցիացիայի գործունեությունն ու ապագա անելիքները: Անդրադառնալով տնային խնամքի ծառայությանը՝ նշեց, որ դրա կարիքն ակնհայտ է մարզում։
<Որտեղ կամք կա, այնտեղ ուժ էլ կգտնվի։ Վստահ ենք, որ միասնաբար կարող ենք անել շատ ավելին>,- հանդիպման վերջում նշեց <Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի> նախագահ Արթուր Թորոսյանը: