Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրերով ՀՀ Վայոց ձորի մարզում կտեղադրվի 6 հակակարկտային կայան
17.07.2020
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր, Արենի, Ելփին, Խաչիկ, Չիվա և Ռինդ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով կիրականացվի 6 հակակարկտային կայանների տեղադրում:
Կայանների տեղադրումը կարևոր նշանակություն կունենա նշված բնակավայրերի բնակիչների գյուղարտադրանքը կարկտահարման վնասներից պաշտպանելու առումով:
Տարիներ շարունակ այդ բնակավայրերում պարբերաբար տեղացող կարկուտը վնասել է մարդկանց արտադրած խաղողի, պտղի և բանջարաբոստանային մշակաբույսերի բերքը:
Ծրագրի իրականացումը ոչ միայն վնասվելուց կպահպանի նշված բնակավայրերում մշակվող գյուղատնտեսական արտադրանքը, այլև կնպաստի մարզում գործող գյուղարտադրանքի վերամշակումով զբաղվող ձեռնարկությունների հումքի ապահովման խնդիրների լուծմանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 12,600,000 ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 5,775,000 ՀՀ դրամ(45,8%), իսկ պետության կողմից տրամադրվող գումարի չափը 6,825,000 ՀՀ դրամ(54,2%):
Ըստ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի՝ հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքների համար մրցույթը կայացել է ս/թ հուլիսի 8-ին, իսկ առաջիկայում կմեկնարկեն տեղադրման աշխատանքները: