Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
05.07.2020
Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վայոցձորցիներ,
շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ:
Առանց Մայր օրենքի, հնարավոր չէր լինի իրականացնել մեր անկախ հանրապետության կայացումն ու զարգացումը, ապահովել՝ կյանքի բնականոն առաջընթացը։
Սահմանադրությունը պետության իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։
Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։
1995 թվականին, հայ ժողովրդի պատմության մեջ առաջին անգամ, համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, որը նոր՝ ավելի ամուր և կայուն հիմքերի վրա դրեց մեր երկրի հետագա զարգացումը։
Հենց Սահմանադրությունն է Հայաստանի Հանրապետությունը սահմանում ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, որտեղ գերակա են օրենքն ու իրավունքը։ Կառավարությունն ու մեզանից յուրաքանչյուրն ամենօրյա մեր աշխատանքով այս տողերը պետք է իրականություն դարձնենք և սերունդներին ժառանգենք կայացած, զարգացող պետություն։
Շնորհավորում եմ բոլորիս մայր օրենքի տոնի առիթով։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը