Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

28.05.2020

 Սիրելի հայրենակիցներ:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս, Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ:

  1918 թվականի մայիսին կազմավորվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Այն կազմավորվեց թուրքական մեծաքանակ բանակի դեմ մեր ժողովրդի մղված անհավասար հերոսամարտերի շնորհիվ: Հերոսամարտեր, որոնք ձախողեցին հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը։ Եվ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը: Վերականգնվեց հայկական պետականությունը և նոր դարաշրջան բացվեց հայ ժողովրդի բազմադարյա պատմության մեջ, դառնալով հայոց պատմության նորագույն ժամանակաշրջանի զարգացման և ազգային վերածննդի սկիզբ։

    Հարգելի՛ հայրենակիցներ, մեր երկրում՝ Հայաստանի երրորդ Հանրապետությունում, հարյուր տարի հետո՝ 2018 թվականին, տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո, կրկին նպաստավոր պայմաններ են ստեղծվել ազգային զարթոնքի ու վերածննդի, ինչպես նաև տնտեսության զարգացման ու պետականության ամրապնդման համար: Կոչ եմ անում՝ համախմբվել ՀՀ իշխանության շուրջ և կառուցել մեր երազանքների երկիրը՝ ազատ և երջանիկ Հայաստանի Հանրապետությունը:

    Հարգելինե՛րս, այս օրը պարտավորեցնում է՝ ևս մեկ անգամ փառք ու պատիվ մաղթել քսաներորդ դարասկզբին հայ ժողովրդի առաջին հաղթանակը կերտողներին՝ Արամ Մանուկյանին, մայիսյան հերոսամարտերի քաջարի զորահրամանատարներին՝ Թովմաս Նազարբեկյանին, Դրոյին, Նժդեհին, Մովսես Սիլիկյանին, Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանին, Ջհանգիր աղային, հոգևոր դասին (Ամենայն Հայոց Կաթողիկոս՝ Գևորգ Ե Սուրենյանց), ողջ հայությանը՝ հայկական բանակին և աշխարհազորայիններին, Մայիսյան ազատամարտերում զենքը ձեռքին մարտընչող մեր բոլոր հայրենակիցներին:

    Բարի հիշատակ և խոնարհում՝ 1918-1920թթ. ազատամարտի հերոսներին և Հայոց վերածնված պետականության համար մարտիրոսված մեր ժողովրդի արժանավոր զավակներին:
 

   Հարգելի՛ վայոցձորցիներ, կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղություն և ամուր պետականություն:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40