Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

23.05.2020

 Վայոց ձորի սիրելի շրջանավարտնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Վերջին զանգի կապակցությամբ:
Սիրելի՛ դպրոցականներ, այսօր դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ դպրոցին, սիրելի դասընկերներին և հարգարժան ուսուցիչներին՝ կյանք տանելով անմոռանալի հիշողություններ, որոնք կապված են դպրոցական առօրյայի և անհոգ պատանեկան կյանքի հետ:
Մոտեցավ վարդագույն պատանեկությունից հասուն երիտասարդության փուլ անցնելու նաև ձեր ժամանակը: Կյանքի այս շրջափուլում ձեր առջև բացվելու են բազմաթիվ դռներ, ընձեռվելու է կյանքի ուղին յուրովի շարունակելու բազում հնարավորություններ, ուր որոշիչը՝ դպրոցում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն են լինելու: Ձեր նպատակներին հասնելու համար կարևոր է լինելու գիտելիքների հմտորեն կիրառումը:
Ձեզանից յուրաքանչյուրն, ինչ խոսք, գնալու է այն ճանապարհով, որի մասին միշտ երազել է և նախապատրաստվել այդ ուղղությամբ առաջին քայլին: Հիշե՛ք, սիրելինե՛րս, ուր էլ որ գնաք, ինչ էլ որ դառնաք՝ ներդրեք ձեր ողջ ջանքերը և փորձեք լինել ոլորտի առաջամարտիկը կամ առաջամարտիկներից մեկը: Յուրաքանչյուրիդ հաջողությունը մեր ընդհանրական հաջողության անհրաժեշտ բաղադրիչն է, մեր մարզի ու մեր երկրի զարգացման երաշխիքներից մեկը: Մեր վաղվա լավ օրը պայմանավորված է նաև ձեզանով:
Հարգարժա՛ն ուսուցիչներ, այս կարևոր օրվա առիթով շնորհավորում եմ նաև Ձեզ, մաղթելով՝ աշխատանքային հաջողություններ, բանիմաց աշակերտներ և գնահատանք ու սեր:
Ջերմ շնորհավորանքնե՛րս, նաև մեր սիրելի շրջանավարտների ծնողներին: Հարգելինե՛րս, թո՛ղ, իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքները, որոնք կապված են այսօրվա շրջանավարտների հետ:
Սիրելի շրջանավարտնե՛ր, իմ թանկագի՛ն բարեկամներ, կրկին շնորհավորում եմ ձեզ՝ Վերջին զանգի կապակցությամբ, մաղթում եմ՝ առողջություն, երջանկություն, գիտության ու աշխատանքային բարձունքներ: Թո՛ղ, հաջողությունը ձեզ ուղեկից լինի ողջ կյանքի ընթացքում: Թո՛ղ, օրհնյալ լինի ձեր կյանքի ճանապարհը:
Բարի՜ երթ, սիրելին՛երս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57